Այսօր՝ ժամը 15։00-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ձեռքդ տու՛ր, հասարակություն» խորագրով ցուցահանդես-վաճառքը։ Ցուցահանդեսին ներկայացված էին 23 դատապարտյալի և 3 կալանավորված անձի գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները՝ զարդատուփեր, գրքեր, թաշկինակներ, գուլպաներ և այլն։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսը կազմակերպության նախաձեռնությունն էր և իրենք իրենց ծրագրերում շեշտը դնում են ավելի անձնական պատմությունների վրա։ Կազմակերպությունը փորձել է այս տարբերակով իրենց գաղափարը ներկայացնել, որովհետև ստեղծագործությունն է կապի, հաղորդակցման ապահովման լավագույն տարբերակը․
«Բանտերի մասին խոսվում է այն ժամանակ, երբ ինչ-որ իրադարձությունն է տեղի ունենում՝ կալանավորում, դատում․ ՔԿՀ ներսում հացադուլ, ինքնավնասում, անընդհատ բացասական է ներկայացվում դատապարտյալների մասին։ Ստեղծագործությունների մեջ դրվում են անձնական պատկերացումներ, հույզեր, և երբ մարդիկ տեսնում են դրանք, դրական էմոցիաներ են ունենում դատապարտյալների նկատմամբ։ Միջոցառումը դրական արդյունք տվեց, մարդիկ իրականում հետաքրքրություն ունեին, հաճախումը բավականին ակտիվ էր»,-ասաց Նարե Հովհաննիսյանը։
Դատապարտյալ Աշոտ Կիրակոսյանի մայրը պատմում է, որ իր որդին սկսել է նկարել բանտարկվեուց հետո։ Նրա խոսքով՝ սա և՛ զբաղվածություն է իր որդու համար, և՛ խրախուսում, որպեսզի շարունակի լավ գործեր անել և լցնել իր ազատ ժամանակը։
Կազմակերպությունն իր գաղափարի մասին հայտնել է Արդարադատության նախարարությանը։ Ցուցակագրվել են այն դատապարտյալները, ովքեր ցանկություն ունեին իրենց աշխատանքները ներկայացնելու։ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպությունը շահույթ չի հետապնդում։ Գները որոշվել են դատապարտյալների հետ, և վաճառված աշխատանքների գումարը փոխանցելու են հենց հեղինակ-դատապարտյալներին։
«Մենք փորձում ենք միջոց լինել, այսինքն և՛ ստեղծագործությունները ներկայացնել հասարակությանը․մարդիկ փորձեն տեսնել, ճանաչել, իրենց վերաբերմունքը փոխել, և նաև օգնել, որպեսզի դատապարտյալները կարողանան իրենց աշխատանքով եկամուտ ունենալ, ինչը շատ կարևոր է նրանց համար»,-ընդգծեց նախագահը։
Դատապարտյալները միջոցառմանը ներկա էին օնլայն տարբերակով, որոնց հետ հնարավոր չէր հաղորդակցություն ապահովել։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: