«Ինձ հետ կատրվածի համար մեղավորը ու պատասխանատուն «Նուբարաշենի» պետ, այսպես կոչված գնդապետ Արտյոմ Խաչատրյանն ա, ուզում ես՝ զապիս արա»: Դատապարտյալ Հայկ Գալստյանը, Պեսոկ մականունով «Կլորների» տաքսոֆոնից զանգել էր Forrights.am-ի խմբագրություն, բարկացած բողոքում էր, որ բերդի ղեկավրությունը խաբում է իրեն, ամեն կերպ խոչընդոտում է բուժման իրավունքը:
Նա մեկ անգամ արդեն փորձել էր վերջ տալ կյանքին: Դա տեղի էր ունեցել անցյալ տարի, երբ բժիշկ Աննա Դանիելյանի ցուցումով նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բայց հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը, որը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ տղան է, հրաժարվել էր կատարել բժշկի ցուցումը: Թերապեւտիկ բաժանմունքի փոխարեն պահել էր նրան փակ ռեժիմային խցում, զրկելով պատշաճ բուժում ստանալու, անգամ մաքուր օդ շնչելու իրավունքից:
Մայիսի 5-ին հիվանդանոցի խցերից մեկում Հայկ Գալստյանը փորձել էր կախվել սավանի օգնությամբ, ապա կարել էր աչքերը: Նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ ընդդեմ Արտակ Սարգսյանի և նրա աշխատակիցների, որին երկար ժամանակ պատշաճ ընթացք չէր տրվում:
Հայկ Գալստյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի խնդիր, նաև հոգեկան պաթոլոգիա, պարբերաբար սրտի շրջանում ցավեր է ունենում ու կծկումներ:
Վստահեցնում էր, որ մեզ զանգահարելու պահին էլ կծկումներ ուներ:
Խաբել, ասել են՝ կորոնա ես, որ տանեն բերդ
Նա անընդհատ պայքարի մեջ է «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների անձնակազմի դեմ, պահանջում է, որ իր նկատմամբ սրտաբանի հսկողություն սահմանվի:
Հանրապետության գլխավոր սրտաբանի որոշմամբ Հայկ Գալստյանին մեծ պատերազմից, բողոք-պայքարից հետո փետրվարի 9-ին տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց: Փետրվարի 10-ին, ինչպես ինքն է պատմում, «կորոնա սարքեցին» ու հետ տարան «Նուբարաշեն»: Փաստորեն, կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալներին ոչ թե բուժում են, պահելով հիվանդանոցում, այլ տանում են հետ, հիմնարկներ, որտեղ չկան տարրական բուժման պայմաններ:
Հայկ Գալստյանի մոտ, սակայն ըստ թեստի պատասխանի, կորոնավիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել: Այդ ախտորոշումը նրան խաբելով բերդ ուղարկելու հերթական հնարքն է եղել:
«Ամսի 9-ին թղթով ինձ տարան բուժման, ամսի 10-ին իրենք կորոնա սարքեցին, իբր՝ կորոնա եմ, ինձ խաբեցին, Վահագ Ոսկանյանն ու ՑԲ-ի բուժմասի պետը, որ՝ իբր, տանում են «Էրեբունի», ստանցիոնար բուժման, բերին մտցրին բերդ: Ստեղի հիմնարկի պետը իջավ՝ Խաչատրյան Աղասը: Հարցրեցի՝ ո՞ւր է էպիկրիզը, ինչ՞ի հիման վրա են դուրս գրել ինձ, ես կորոնայով պետք է հետ տանեին սրտաբանի հսկողության տակ, քանի որ սրտաբանը ու իմ բուժող բժշկուհին ինձ չեն դուրս գրել, դուրս ա գրել ինչ-որ Շարաֆյան, էդ էլ կորոնայի բժիշկն է: Ինչ ուզում, անում են, ինչ ա, Նիկոլի մարդիկ են: Հո կրակը չե՞նք ընկել Նիկոլի ձեռը, կալանավո՞ր ենք, թ՞ե գերի: Ինքը մոռացա՞վ իրա անցյալը բերդում», -հարցնում է Հայկ Գալստյանը:
Մարտի 8-ին նա կրկին վատ է զգացել իրեն, շտապօգնություն է կանչել, սակայն հիմնարկի պետը երկար պահել է շտապօգնության մեքենան բակում, հնարավորություն չտալով, որ դատապարտյալին օգնություն ցուցաբերվի:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ինքնասպանության փորձերի և ինքնավնասման դեպքերի վիճակագրությամբ ՔԿ համակարգի ռեկորդակիրն է: Անցյալ տարի ինքնավնասման դիմած 366 անձանցից 139 «Նուբարաշենում» պահվողներն են եղել:
Նորից ասեղներ է կուլ տվել
Մարտի 8-ին «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Շահգելդյանը կտրել էր երակները: Նախորդ օրը՝ մարտի 7-ին նա մի քանի ասեղ էր կուլ տվել: Նա հոգեկան խնդիրներ ունի, սակայն չի ստանում իրեն հասանելիք դեղերը: Ինքնավնասումները երիտասարդի համար դարձել են տարրական դիմեդրոլ ստանալու միջոց:
Դեպքի կապակցությամբ ՔԿԾ-ից պարզաբանում են, որ Սամվել Շահգելդյանը հրաժարվել է բուժօգնությունից: «Մարտի 6-ի երեկոյան հայտարարել է, որ կատարել է ինքնավնասում 40 ասեղ կուլ տալու եղանակով: «Սակայն նույն օրը կանչված շտապօգնության ծառայությունից վերջինս հրաժարվել է, պարզաբանումներ չի ներկայացրել, հայտարարել է, որ հրաժարվում է հետագա ընդունելություններից: Հաջորդ օրը՝ մարտի 7-ին, Ս. Շահգելդյանը «դիմեդրոլ տեսակի դեղահաբ չտրամադրելու» պատճառաբանությամբ կատարել է ինքնավնասում ձախ նախաբազկի հատվածում (ըստ բժշկական ստորաբաժանման տեղեկանքի՝ կատարել է քերծվածքներ առավելագույնը մաշկի մակարդակով): Կրկին հրաժարվել է բժշկական օգնությունից:
Մարտի 8-ին Ս. Շահգելդյանը բանավոր հայտարարել է, որ կուլ է տվել ասեղ նորից նույն պատճառաբանությամբ: Կանչվել է շտապօգնություն, դատապարտյալը տեղում զննվել է, և նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն: Անհրաժեշտությունից ելնելով՝ նույն օրը՝ ժամը 07.00-ի սահմաններում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքի՝ ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ս. Շահգելդյանի ստամոքսի պրոյեկցիայով վիզուալիզացվում է բարակ և կարճ մետաղական ինտենսիվության թվով 4 հատ օտար մարմին:
Դատապարտյալ Սամվել Շահգելդյանը գտնվում է ինտենսիվ հսկողության տակ, հոգեբանների կողմից պարբերաբար կատարվում են ընդունելություններ, տարվում են համապատասխան հոգեբանական խորհրդատվական աշխատանքներ»:
Կալանավայրի աղբյուրներից սակայն տեղեկացանք, որ Շահգելդյանին վիրահատության չեն պատրաստում: Նրան ընդաամեը հետազոտել են, ասեղները հայտնաբերել են, և դրանք մահացու ռիսկ են երիտասարդի կյանքի համար:
Մարտի 9-ին, նա նորից ասեղներ է կուլ տվել:
Վիրաբյանը ձեռքը մեխել է սեղանին ու մնացել է այդպես մեկ օր
Երեկ էլ «Նուբարաշենի» դատապարտյալ Արտյոմ Վիրաբյանն է ձեռքը մեխել հսկիչների սենյակի սեղանին: Այս կերպ Վիրաբյանը իր բողոքն է արտահայտում բերդի պետի անօրինական գործողությունների դեմ: Վիրաբյանին պահում են փակ խցում, մինչդեռ նրա համար օրենքով կիսափակ պահման ռեժիմ է սահմանված:
Արտյոմ Վիրաբյանին ևս խաբել են: «Պետը իրան տեսավ, երեխեքի արև երդվեց, որ կտեղափոխի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, բայց խաբեց, տղեն էլ մեխեց ձեռը», — ասում է մեր աղբյուրը:
Տեղեկացանք նաև, որ այսօր Վիրաբյանին տեղափոխել են հիվանդանոց:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: