Պատերազմի մեկնարկից շուրջ երկու շաբաթ անց ռուս-ուկրաինական հակամարտության գոտում մարտի 9-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոյի՝ թեև իրավիճակը պակաս լարված է եղել, սակայն տեղեկություններ կան Խարկովի հրետակոծության, պաշարված Մարիուպոլում դեռևս պահպանվող ծանր իրավիճակի, ինչպես նաև Խարկովի և Դոնեցկի միջև կարևոր տրանսպորտային հանգույցի՝ Իզյումի ուղղությամբ հարձակման փորձերի մասին։ Մինչ այդ, Կիևի մարզի Իրպեն քաղաքի բնակիչները փորձում են լքել բնակավայրը, որն արդեն մի քանի օր է՝ հրթիռակոծվում է։
Կիևում աշխատող լրագրողներն ավելի ուշ հայտնել են մայրաքաղաքում հնչող հզոր պայթյունների մասին։ Ուկրաինական ալիքները հայտնում են, որ Կիևում, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջկենտրոններում, ինչպես նաև Կիևի մերձակայքում գտնվող Վասիլկով քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական տանկերի շարասյունը շարժվում ԽՍՀՄ դրոշով։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ի վեր հաստատել է 474 խաղաղ բնակչի մահվան դեպք։ Կողմերը, սակայն, միմյանց կորուստների մասին տարատեսակ հրապարակումներ են անում։ Մասնավորապես, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը պնդում է, որ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում մինչև 4000 ռուս զինվոր է սպանվել, այնինչ Ռուսաստանը հաստատել է միայն 498 զոհի փաստը։ Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնյաների տվյալներով՝ ռուսական կողմի զոհերի թիվը մոտենում է 12 հազարի։
Պաշտոնական Կիևը հայտնել է, պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 41 երեխա, վիրավորվել՝ 76-ը։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո հայտնի դարձավ, որ Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է մի շարք մարդասիրական միջանցքների բացումը։ Ըստ ուկրաինական կողմի, կկազմակերպվի հումանիտար միջանցք Էներգոդարից դեպի Զապորոժիե։
Ուկրաինան սկզբունքորեն պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ չեզոք կարգավիճակի հարցը։ Այս մասին գերմանացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ Կիևը չի քննարկի վերջնագրերը և պատրաստ չէ գնալ փոխզիջումների սկզբունքային հարցերում․ սովորաբար սա ենթադրում էր Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի հարցը, սակայն երեկ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չբացառեց նաև այս հարցում փոխզիջման հասնելու հնարավորությունը
Ռազմական գործողությունների ֆոնին աշխարհը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթական տեսաուղերձի ժամանակ հայտարարեց՝ ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանից գազի և նավթի ներմուծումը։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: