-Ես խոհարար եմ ուզում դառնալ։

-Ինչի՞։

-Որ դուրսը մարդկանց տենամ, հացի համար փող են հավաքում, հաց սարքեմ, բերեմ, ասեմ՝ իմ հացը կերեք։

5 տարեկան Գոռը մոր և երկու քույրերի հետ միասին ապրում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, վարձով բնակարանում, որի սառնարանը վաղուց միացրած չի եղել․ «ոչինչ չկա, միացնում եմ՝ ի՞նչ անեմ»։

Արդեն երրորդ տարին է՝ Վարուհին երեք երեխաներին մենակ է մեծացնում․ ամուսնալուծված է, ոչ մի տեղեկություն չունի ամուսնուց, վերջին անգամ նրան  հանդիպել է 2 տարի առաջ։ 

«Մինչև դա էլ անընդհատ մենք վիճել ենք, երեխաների համար ներել եմ, նորից հետ ա եկել, բայց ինքը չփոխվեց տենց էլ։ Մեծ աղջիկս 15 տարեկան դարձավ էսօր՝ դեկտեմբերի 24-ին, միջնեկ աղջիկս էլ 11 տարեկան ա»։

Վարդուհին երեխաների հետ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, բնակարանի վարձը չի կարողանում վճարել։ «Տանտերն ասել ա, որ մինչև ամսվա վերջ եթե տունը չազատենք, ոստիկանների հետ կգա»։

7 ամիս է արդեն, ինչ այս տուն են տեղափոխվել, մինչ այս վարձը վճարել է՝ «էստեղից-էնտեղից» պարտք անելով, նպաստ ստանալով․ «Նպաստից մի տասը դրամ էլ չեն կերել էրեխեքս, վարձն եմ տվել մենակ, որ դրսում չհայտնվենք»։ Նա ի վիճակի չէ նաև վճարել Գոռի մանկապարտեզի վարձը։

35-ամյա Վարդուհին առողջական լուրջ խնդիրներ ունի, հաճախակի ունենում է գիտակցության կորուստ․ «Գլխիս վրա ուռածություն կա, բայց դեռ չենք հայտնաբերել՝ ինչ ա, պիտի Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) անեն, տեսնեն՝ պատճառն ինչն ա, բայց դրա հնարավորությունն էլ չունենք։ Ամեն վայրկյան ընկնում եմ, երկու օր առաջ ընկել եմ, գլուխս խփել եմ, վնասվել ա, թևերիս երակներս են տրաքում, արդեն երեք տարի՝ էս վիճակում եմ ես»։

Առողջական այս խնդիրների պատճառով է, որ նա այլևս չի կարողանում աշխատել, բայց աշխատանք է փնտրում է․ «խանութում մաքրության աշխատանք եթե լինում ա, խնդրում եմ, որ գոնե գնամ, մաքրեմ»։

Վարդուհու խոսքով՝ եղել են դեպքեր, երբ սնունդով օգնել են, բայց հիմա այլևս ոչ։ Դիմել է վարչապետի կնոջը, քաղաքապետին, մարզպետարանին, բայց ոչ մի արձագանք չկա մինչ օրս․ նամակներն անպատասխան են մնացել։

Գոռի մայրը օգնող չունի, միայն ծնողներն են ու եղբայրը, որը նույնպես հիվանդ է, «տաքսի ա վարում, երկու հազարով բերում ա, հաց ա առնում էրեխեքիս, որ սոված չմնան»։ Ծնողները բնակվում են Քանաքեռում մի սենյականոց բնակարանում, ու Վարդուհին երեխաների հետ էնտեղ էլ չի կարող տեղափոխվել։

Այժմ երեխաները թոքաբորբ են, սակայն ոչ կարողանում են դեղեր գնել, ոչ էլ հիվանդանոց տեղափոխել։  

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest