«Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է»․ՀՀ ՄԻՊ

82

Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։


ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հաղորդմամբ՝  հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամորթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր․

«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է»,- ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նաև նշել է, որ այդ մասին տեղեկություններ կուղարկի համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին։

Քնարիկ Վարդանյան