Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, Երևան քաղաքում հանդիպել է ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մտերիմին և վերջինիցս ընդունել արգելված իր հանդիսացող ալկոհոլային խմիչք ՔԿՀ մտցնելու և կալանավորված անձին փոխանցելու համար 100.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկը:

2021թ. նոյեմբերի 21-ին նրանք կրկին հանդիպել են, ՔԿՀ աշխատակիցը ստացել է 5 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված էթիլ սպիրտ և մեթիլ սպիրտ պարունակող կոնյականման հեղուկները, ինչպես նաև կաշառքի նշված գումարը:

Հերթափոխի օրը աշխատակիցը արգելված իրերը փոխադրել է ՔԿՀ: Սակայն հիմնարկի ծառայողների պահանջով ներկայացրել է փաթեթում առկա տարաները, որոնք սահմանված կարգով վերցվել են:

ՔԿՀ աշխատակցին առաջադրվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, իսկ կալանավորված անձի մտերիմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալու հատկանիշներով:

Ոչ բարեխիղճ նման վերաբերմունքի դրսևորումները կարող են հանգեցնել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, նոր հանցագործությունների պատճառ հանդիսանալ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքում։ Նման հանցավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն, արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ գլխավոր դատախազութունից միջնորդագիր է ուղարկվել ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest