Եվրամիությունը չի հրաժարվի ռուսական նավթից և գազից. Բորել

69

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի։

«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։

Ինչպես շեշտել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, ԵՄ-ում համոզված են, որ ներկայիս գործընկերոջ վրա «հույս դնել չի կարելի», ուստի գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ են փնտրում։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ միշտ կատարել է պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, և այս մասին խոսել են նաև Եվրոպայում սպառողները։

Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը երեքշաբթի երեկոյան արգելք է դրել Ռուսաստանից էներգակիրների ներկրման վրա։ Նա նշել է, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Կոնգրեսում իրեն աջակցել են երկու կուսակցությունները։