Արցախում վնասված գազատարի խնդիրը կլուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության արդյունքում․ Անդրանիկ Քոչարյան

286

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում հրադադարի ռեժիմի խախտման ու գազատարի վնասման հարցերին։

«Լիսագորի հատվածում գազատարը վնասված է, և քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, նաև երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաև այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշակի դժվարություններ է փորձում առաջացնել Արցախի հատվածում։ Փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է, ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի և Հայաստանի պատկերացումները խաղաղության մասին համարժեք են․

«Մենք գնում ենք խաղաղության։ Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, նշանակում է հասնել այնպիսի խաղաղության, որպեսզի բացառվեն նման իրողությունները։ Մենք անպայման այդ սադրանքների ուղղությամբ աշխատանք կտանենք, իսկ աշխատանքները ներառված են կառավարության ծրագրի մեջ՝ կառուցել այն բանակը, որը կզսպի։ Սահմանային այսօրվա իրողությունները նախկինում էին կային, և ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ կան հստակ հրադադարի պահպանման պայմանավորվածություններ։ Եթե խախտվում է, ամեն դեպքը պետք է ուսումնասիրվի, և մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից՝ նրանք են մեղավոր, թե մենք»,- ասաց նա։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դեպքի առթիվ գրառում էր կատարել, որում մասնավորապես ասվում է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը և չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին:

«Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար։
Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ»,-ասված է գրառման մեջ։

Մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Քնարիկ Վարդանյան