2016 թվականի չորսօրյա պատերազմում հրաշքով փրկված Հուսիկը զոհվեց 44-օրյա պատերազմի 24-րդ օրը: Հուսիկ Հովակիմյանն ընտանիքից գաղտնի էր կամավորագրվել՝ պատերազմ մեկնելու համար, իսկ լուրը քրոջը հատնել էր, երբ արդեն Արցախի ճանապարհին է եղել:
Մարտական գործողություններին կամավոր Հուսիկը մասնակցել է Ջրականում (Ջեբրայիլում): Տեղանքին ծանոթ է եղել, քանի որ ժամկետային զինծառայությունն այտեղ է անցկացրել: Հուսիկը բանակում է եղել, երբ սկսվել է քառօրյա պատերազմը:
«Այդ ժամանակ հրաշքով է փրկվել: Արկի բեկորն ընկել էր իր և բենզաբաքի արանքը, հրաշքով չի պայթել»,- պատմում է Հուսիկի մայրը՝ տիկին Վիոլետան: Նա հազիվ է խոսում, որդու մասին յուրաքանչյուր բառից հետո լացը խեղդում է:
Հուսիկ Հովհակիմյանը 24 տարեկան էր: Արարատի մարզի Բերքանուշ գյուղից: Երևանում խոհարար է աշխատել, զուգահեռ հայրական տունը վերանորգել, որ ամուսնանա: Հուսիկի նպատակներն ու տան վերանորոգումը կիսատ են մնացել:
«Անվախ էր»,- ասում է մայրը և պատմում որդու զինակից ընկերների փոխանցածը, թե ինչպես են Հուսիկն ու Էդգարը (պատերազմի մեկ այլ մանսակից,-հեղ.) Ջրականի ծանր մարտերի օրերին դիրքերում երկուսով թշնամուն շփոթմունքի մեջ գցել:
«Դիրքապահների մի մասը զոհվել են, մյուսները՝ փախել կռվի դաշտից: Տղաներն ընկել են շրջափակման մեջ, ո՛չ միայն պահել են դիրքը, դիմացել թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ են հասցրել։ Նրանք երկու հոգով, թշնամուն շփոթեցնելու նպատակով, անընդմեջ տարբեր զենքերից ու զինատեսակներից կրակ են բացել թշնամու ուղղությամբ՝ մոլորեցնելով հակառակորդին: Թշնամին այդ ուղղությամբ անընդմեջ գրոհներ է կազմակերպել, հրետանային հարվածներ հասցրել դիրքին, փորձել գրավել այն, բայց դիրքի պաշտպան քաջերը թույլ չեն տվել: Միայնակ կռիվ են տվել թշնամու դեմ, մինչև ողջ զինամթերքը սպառվել է: Գիշերով կրակոցների տակ մի կերպ իջել են դիրքից: Հետո, քանի որ առանց հրամանատար էին մնացել տեղափոխվել էին Հադրութ»,-պատմում եմ հարազատները:
Հուսիկն այնուհետ պատերազմել է Հանդրութում: Ընտանիքի հետ մշատապես կապի մեջ է եղել, հույս է տվել, որ ամեն ինչ լավ է, իրեն վտանգ չի սպառնում: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 21-ին:
«Հոկտեմբերի 21-ին զանգահարեց, կարճ խոսեցինք ու ասաց՝ մամա, էս համարով էլ չզանգես: Ինքն այդ օրը դիրքերից իջել է, հետը երկու-երեք օր կապ չկար, հետ զանգեցի այդ համարով, տղաները պատասխանեցին՝ Հուսիկին բան չի լինի, ինքը ուժեղ տղա է»,- ասում է մայրը և նշում, որ որդին դիրքերից իջել է վիրավորներին հոսպիտալ հասցնելու նպատակով:
«Հարդրութի «Թութակներ» կոչվող դիրքերում մի տղա է շատ ծանր վիրավորվել, խնդրել է, որ իրեն տեղափոխեն հոսպիտալ, ոչ մեկ ռիսկ չի արել: Հուսիկի սիրտը չի տարել, իջացրել է, դրել է ավտոն, որ տանի հիվանդանոց … Չի հասցրել հոսպիտալ հասնի, ճանապարհին հարձակման են ենթարկվել, դիվերսիա է եղել: Հարձակման պահին ինքն է եղել, ծանր վիրավորը և երկու այլ վիրավոր զինվոր»:
Թշնամու դիվերսիոն խումբը Հուսիկի դիմադրությունից հետո սպանել ու խոշտանգել է հայ չորս զինծառայողներից, որից երեքը վիրավոր են եղել: Հարազատները նշում են, որ Հուսիկին և մյուս զինծառայողներին թշնամին հուղարկավորել է Կարախամելի կոչվող տարածքում: Տղաների դիերը միայն բանակցություններից հետո է վերադարձվել հայկական կողմին: Թշնամու կողմից զինծառայողների խոշտանգման փաստով հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքերի եվրոպական դատարան:
Հուսիկի զոհվելու տեղեկությունը 2021 թվականի հունվարի 21-ին է հաստատվել՝ ԴՆԹ անալիզով: «Չորս օր հետ մասունքերը տվեցին մեզ: Երեք ամիս ման ենք եկել, տեղեկություն չկար: Հիմա էլ հույս ունեմ, որ գալու է, չեմ կարողանում համակերպվել իրականության հետ: Որ դեռ չէինք գտել, հոգուս խորքում ասում էի՝ գոնե գերի լինի, բայց վստահ էի, որ ինքը երբեք չէր հանձնվի, մինչև վերջ կռվել է»,- ասում է մայրը:
Հուսիկի մոր՝ Վիոլետա Նազարյանի խոսքով, Հադրութը հոկտեմբերի 10-ին ընկել է, բայց հայկական զինուժից վեց հարյուր հոգի, ամիսի 21-ին այնտեղ են եղել՝ շրջափակման մեջ «Իսկ մեզ ասում էին՝ «Հաղթում ենք»: 44-օր խաբեցին, լուսավոր սերունդը կործանեցին: Մարդու հավատ չի գալիս, ոնց ոչ չարաբաստիկ երազ լինի, ուղեղիս մեջ չի տեղավորվում»,- ասում է որդեկորույս մայրը:
Հուսիկ Հովակիմյանն այժմ Եռաբլուրում է՝ հանուն հայրենիքի զոհված հազարավոր երիտասարդների կողքին: Հայրենիքն մատուցած ծառայության համար Հուսիկ Հովակիմյանը հետմահու արժանացել է Մարտական ծառայության մեդալի:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: