Եվրախորհրդարանի լիագումար նիստի հիմնական օրակարգում ներառվել է Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձևը, որը կքննարկվի հաջորդ շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Ըստ նրա՝ փաստահավաք աշխատանքի հիման վրա այս օրակարգը ԵԽ պաշտոնյաներին հասանելի է դարձել, Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենը, Մարինա Կալյուրանդը և մի շարք այլ պատգամավորներ իրապես հասկացան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականությունը։ Եվ նրանք մեծապես աջակցեցին այս բանաձևի նախաձեռնությանը, որն արդեն մտել է Եվրոպական խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի օրակարգ։
Lragir.am-ի հետ զրույցում Գայանե Աբրահամյանն ասաց, որ այս բանաձևը հետագայում կարևոր գործիք կարող է դառնալ՝ կանխելու Արցախի հայկականության հետքը ջնջելու Բաքվի ծրագրերը։ Սա հրատապ բանաձևի ընթացակարգ է, և բոլոր քաղաքական խմբակցությունները Եվրախորհրդարանում առաջ են մղել այս օրակարգը։ Հայկական կողմից լոբբինգ է արվել բանաձևի հարցով, հիմնական աշխատանքն իրականացրել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը։
«Մեր իրավունքների հարցով իմ օրակարգն այսպիսին է՝ մասնատել օրակարգերն ու խնդիրները։ Ինչո՞ւ ես կենտրոնացա այս հարցի վրա և փորձեցի առաջ մղել՝ առանձին պատգամավորների հետ աշխատանք տանելով, որովհետև բոլոր խնդիրները փաթեթով լուծել չի ստացվում։ Այսինքն՝ պետք է խնդիրները մասնատենք և ամեն մեկի մասով փորձենք օրակարգ մտցնել բանաձև։ Ինչո՞ւ էր սա կարևոր, որովհետև երբ վերջերս մենք ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ցույց արեցինք և հետո հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ, ինքն էլ մեզ խորհուրդ տվեց, որ եթե, օրինակ, Եվրախորհրդարանում լինի բանաձև, դա ևս բավական լուրջ ճնշող գործիք կարող է դառնալ ՅՈւՆԵՍԿՕ-ի համար, որպեսզի փաստահավաք առաքելություն ուղարկի Արցախ։ Այսինքն՝ հնարավոր բոլոր հարթակներում տարբեր օրակարգերով պետք է աշխատենք։ Գերիների հարցը չափազանց կարևոր է, բայց մենք մյուս խնդիրները ևս պետք է օրակարգում պահենք»,- ասաց Գայանե Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը պետք է շատ ավելի ագրեսիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարի պատերազմից հետո։ «Պատերազմից հետո արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխություն պետք է լինի։ Եթե նախկինում ինչ-որ տեղ ընդունելի էր և մոտեցումն այնպիսին էր, որ մենք խնդիր ունեինք նախորդ 30 տարիների ստատուս-քվոն պահելու խնդիր, ապա այսօր մենք ստատուս-քվո պահելու խնդիր չունենք, պետք է ամբողջ աշխարհում հնարավոր բոլոր հարթակներում աղաղակենք հատկապես մարդու իրավունքների խնդիրները՝ տարանջատելով բոլոր խնդիրները։ Այդ ուղղությամբ նաև Հաագայի դատարանում է մեր դատական պրոցեսը չափազանց կարևոր, Հաագայի դատարան նոր հայցեր տանելու անհրաժեշտությունն է խիստ կարևոր, ինչի մասով այս պահին կառավարությունը չգիտես ինչու հապաղում է։ Մենք այնտեղ կարող ենք հայցեր ներկայացնել վարձականների մասին կոնվենցիայով, այլ կոնվենցիաներով ևս»,- նշեց նա։
Ըստ Գայանե Աբրահամյանի՝ Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների վերացման հարցով Եվրանեսթում կարող էր հրատապ հայտարարություն ընդունվել, Եվրախորհրդում և ՄԱԿ-ում հատուկ զեկուցողներին կարելի էր հրատապ կերպով Հայաստան ու Արցախ բերելու առաջարկ անել, այսինքն՝ գործիքներ կան, որոնք հայկական կողմը չի կիրառում այսօր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: