Պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

108

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Հարգելի պարոն Խաչատուրյան,

Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ:

Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ:

Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին:

Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։

Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- նշված է հաղորդագրության մեջ: