44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, հայտնաբերվել է 18-ամյա Առնոլդ Հովսեփյանի դին: Նա, սակայն, զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերի 3-ի լուսաբացին: Ընտանիքն Առնոլդի զոհվելու մասին մեկ տարի տեղեկություն չի ունեցել. մտածել են, որ որդին գերության մեջ է, մի օր վերադառնալու է:

«Պատերազմից մեկ տարի անց նոր հաստատվեց, որ Առնոլդը զոհվել է: Այդ ընթացքում՝ ինչ իրենից լուր չունեինք, ԴՆԹ-ն չէր համընկնում, մենք հույս ունեինք, որ գերության մեջ է, հետ է գալու»,- պատմեց քուրը՝ Սիրանը:

Առնոդլը ծառայել է Ջրականում: Կես տարվա զինծառայող է եղել, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Արցախ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը Առնոլդը երեք օր շարունակ չի կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ: Ծնողների հետ խոսել հաջողվել է սեպտեմբերի 30-ին՝ դիրքերից գտած պատահական հեռախոսով:

«Իր և ծառայակիցների հեռախոսները մնացել էր մեքենայի մեջ, որը պայթեցրել էին: Առնոլդի խոսքի մեջ տագնապ չկար: Ինձ հույս էր տալիս՝ կհաղթենք: Պայթյունների ձայներ էի լսում, հարցրեցի՝ ի՞նչ է, ասաց, թե իրենցից հեռու է»,- պատերազմի երրորդ օրը տղայի հետ հեռախոսազրույցն է վերհիշում հայրը՝ Սամվել Հովսեփյանը:

Հայրը նշեց, որ որդին տուն է զանգել նաև հոկտեմբերի 1-ին՝ հույս տվել, որ ամեն ինչ լավ է: Մայրը վերջին անգամ տղայի հետ չի կարողացել խոսել, քուրն ասում է՝ ուշաթափվել է:

Առնոլդն այլ ժամկետային զինծառայողների հետ մարտերի է մասնակցել Ջրականի Անանուն բարձրունքում: Վեց օր շարունակ պայքարել են թշնամու հատուկ ջոկատայինների դեմ: Այս տեղեկություններն Սամվել Հովսեփյանին փոխանցել է Առնոլդի ծառայակիցներից մեկը՝ գերությունից վերադառնալուց հետո:

«Հոկտեմբերի 3-ի լուսաբացին՝ ժամը 04:10-ին, թուրքական սպեցնազից կազմված դիվերսիոն խումբ է մտել իրենց դիրքերը, մոտ կես ժամ մենամարտ է եղել: Վեց հոգով են եղել՝ վեցն էլ ժամկետային զինծառայողներ: Թուրքերի մտնելն Առնոլդն է նկատել, ընկերներին ձայն է տվել: Վեցից մեկին գերի են վրցրել, երբ նա վերադարձավ նաև  պատմեց, որ  ազգությամբ թուրք են եղել, ինքը տեսել է կրծքանշանները՝ թուրքական դրոշներ են եղել»,- ասում է հայրը:

Գերությունից վերադարձած զինծառայողն Առնոլդի ընտանիքին փոխանցել է, որ իրենց հետ հրամկազմից որևէ մեկը չի եղել՝ զինվորների համար անհասկանալի հանգամանքերում:

«Առնոլդենց դասակն «Անանուն բարձրունի» վրա է եղել, երբ նահանջ են տվել: Իրենց մոտ կապի միջոցներ չեն եղել, իրենք չեն իմացել, որ նահանջ է՝ առանց սպայի մնացել են մարտական դիրքերում: Սպան անհայտ հանգամանքերում այնտեղ չի եղել: Դասակի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը և ջոկի հրամանատարն այնտեղ չեն եղել: Հիմա այս հանգամանքերը պարզվում են, թե ինչու այնտեղ չեն եղել: Նշում են, որ դասակի հրամանատարը վիրավորվե է, բայց քննությունը կպարզի: Այն, որ այնտեղ չեն եղել և մյուս հրամանատարները, վերլուծելուց հետո հասկանում ենք, որ փախել են: Դասակի հրամանատարն ավագ լեյտենանտ է, հիմա էլ ծառայության մեջ է: Գերությունից վերադարձածն ասում է, որ հրամանատարներն իրենց ուղարկել են Անանուն բարձրունիք վրա ու իրենք տեղեկություն չեն ունեցել, թե ինչու իրենց մոտ չեկան»,- ասում է Սամվել Հովսեփյանը և տեղեկացնում, որ այս դրվագը քննվում է Քննչական կոմիտեում:

Մինչև հոկտեմբերի երեքը ժամկետային զինծառայողներն, ըստ Սամվել Հովսեփյանի, հրամանատարների բացակայության պայմաններում, արիաբար պաշտպանել են բարձրունքը: Այդ ընթացքում շրջափակված են եղել հատուկ ջակատայիններով:

«Մեր տղանրը մարտնչել են հերոսաբար: Ջրականի գունդը մեկ շաբաթից ավելի թշնամուն չի թողել, որ առաջանա: Տղաները պարզապես ուժասպառ են եղել, շատերը զոհվել են, վիրավորվել, գունդը սկսել է փոքրանալ:

Ջրականի գունդը, չհաշված մի քանիսի, որոնք իրենց դասալիքի պես են պահել, տվել են հիսունից ավելի զոհված սպա, սա ինչ-որ բանի մասին է խոսում: Տղաներն ունեցել են լավ սպաներ, իսկ դասալիքները հույս ունեմ, որ իրենց պատիժը կկրեն:

Ջրականի հատվածում, թշնամին տասն անգամ գերազանցել է զինվորներին, թե թվաքանակով, թե տեխնիկայով: 18 տարեկան տղաները հերոսաբար կանգնել են և չեն թողել, որ թուրքերն առաջ գան: Հատուկ ջոկատայինները, երբ գերուն հարցաքննելիս հետաքրքրվել են, թե որ հատուկ ջոկատային խմբից են, տղան ասել է, որ ժամկետային զինծառայողներ են, չեն հավատացել և ծեծել են: Երբ համոզվել են, որ 18 տարեկանների հետ են գործ ունեցել՝ զարմացել են, թե ինչպես են իրենց դեմ պայքարել»,- ասում է Սամվել Հովսեփյանը:

 Պատերազմից մեկ տարի անց Առնոլդ Հովսեփյանը հուղարկավորվե է Եռաբլուրում, հետմահու արժանացել է Մարտական խաչ առաջին աստիճան մեդալի:

Առնոլդը Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքից է: Գյուղում իր և պատերազմի զոհերի հիշատակին պուրակ են հիմնել, անվանական ծառեր տնկել: Պուրակում կախված է նաև պատերազմում գյուղից միակ զոհվածի՝ Առնոլդի լուսանկարը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest