30- ամյա պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետիսյանը Հադրութի Նորաշեն գյուղից էր: Նա զոհվել է 2020-ի հոկտոմբերի 10-ին` ԱԹՍ հարվածից: Դրանից մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի դիվերսանտները խոշտանգել ու սպանել էին նրա հորը` Հմայակին:  

Ավետիսյանների ընտանիքը Արցախ էր մեկնել Գյումրիից` վերաբնակեցման ծրագրով: Ամուսինները այնտեղ էին տեղափոխվել երեք երեխաների հետ, արդեն գյուղում ունեցել էին եւս երկու երեխա` որդի ու դուստր: Տղայի անունն էլ Արցախ էին դրել:

Հիշելով պատերազմի առաջին րոպեները, զոհված զինվորականի մայրը` Արմինե Ավետիսյանը պատմում է,- «Առավոտը 7:20 այնքան վատ ձայն եկավ: Ես Գյումրիի երկրաշարժ տեսած մարդ եմ, շատ վախեցա: Այնպիսի մի գմփոց էր, շատ հանկարծակի եկա: Արցախը քնած էր, վեր կացավ, ես պատուհանից տեսա, որ սեւ ծուխ է դուրս գալիս հեռու գյուղերից մեկից: Արցախը սկսեց ինձ ասել, թե մամա, բան չկա, մի վախեցիր ու զանգում ա Ավետին, ով այդ պահին Հադրութում էր:

Ավետս թռիչքով այնպես թռավ այդ հինգ կիլոմետրը, այնքան արագ հասավ տուն, մի քանի րոպեից մեր տան բակում էր: Ոչ մի րոպե չեմ կարողանում մոռանալ այդ պահը, երբ ինքը եկավ արագ հագավ իր զինվորական համազգեստը, հարսին էլ հաջող չարեց… ու դռնից դուրս թռավ:

Մինչեւ այսօր հիշում եմ, թե դռնից ոնց դուրս եկավ ու գնաց: Երկու տղաս էլ գնացին, հաջող չարեցին: Չհասցրինք էլ մի խոսք ասենք: Հոկտեմբերի 1-ին մենք արդեն Հայաստանում էինք, որովհետեւ Նորաշենում արդեն վտանգավոր էր: Հարսիս բարեկամնեը մեզ տարան իրենց մոտ` Արարատի մարզի գյուղերից մեկը:  Ամուսինս մնաց գյուղում, չեկավ մեզ հետ, ասեց` մնում եմ մեր տունը պաշտպանեմ: Հոկտեմբերի երեքն էր: Մեր գյուղապետը զանգեց, ասեց` ձեր ամուսնու դին գտել են նկուղում` կախված վիճակում… չէի կարողանում տեղս գտնել: Մենք այդքան հեռու էինք իրենից… դիվերսանտներն էին կախել: Գյուղ էին մտել» :

Տեղի ունեցածի մասին Արմինեն միայն Ավետիսին էր ասել, Արցախին չէր ասել, քանի որ գիտեր` նա ավելի ծանր կտանի այդ դաժան լուրը:

Վերջին անգամ մոր հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Ավետիսը նրան ասել էր, որ իր համար չանհանգստանա, բայց ինքը կարող է այլեւս չվերադառնա. «Ավետիսի վերջին խոսքերն էին. էրեխեքին կհավաքես թեւիդ տակ, չթողես ոչ մեկ որեւէ տեղ գնա, Ռայիսային լավ կնայես: Ռայիսաս ինձ հետ եկավ, չմնաց ոչ մի տեղ, չգնաց: 15  օրվա ծանոթ էինք, բայց ոնց որ մայր ու աղջիկ լինեինք…»:

Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ հարսիկը երեխայի է սպասում: Ավետիսի որդին ծնվեց նրա զոհվելուց յոթ ամիս անց:

Արցախը ավագ եղբոր դին մեծ դժվարությամբ է հանել դիրքերից ու տեղափոխել Հայաստան: Ճանապարհին ռազմական ոստիկանությունը նրան կանգնացրել է եւ մեղադրել ծառայությունը թողելու մեջ: Սակայն երբ հայտնի է դարձել, որ եւ եղբայրը, եւ հայրը զոհվել են, նրան թույլ են տվել գնալ հարազատների մոտ եւ նրանց հանձնել Ավետիսի աճյունը:

Ավետիսյանների ինը հոգանոց ընտանիքը այժմ վարձով ապրում է Երեւանում: Թե ինչ է սպասում իրենց, ասում են` չեն պատկերացնում:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest