Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը պաշտոնավարման ավարտին ամփոփիչ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հրապարակեց տվյալներ Հայաստանի ուղղիչ հաստատություններում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ:
Ըստ Արման Թաթոյանի, այս տարի քրեակատարողական հիմնարկներում ավելի քիչ, քան մեկ ամսվա մեջ երեք մարդ է մահացել՝ երկու ինքնասպանություն, մեկ հանկարծամահություն: Իսկ 2021 թվականին ամբողջ տարվա ընթացքում 13 մահվան դեպք է եղել:
Այս 13 դեպքերից մեկի՝ մի արտառոց սպանության մասին, որը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեկատարողական հիմնարկում, Թաթոյանը հաղորդեց նաև ՄԻՊ 2021 թվականի զեկույցում:
«Ուշագրավ է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրված սպանության դեպքը, երբ Քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձը կյանքից զրկել էր իր հետ նույն կացարանում պահվող հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունքում տեղաբաշխված մեկ այլ անձի», — ասված է ՄԻՊ զեկույցում: Այլ մանրամասներ ՄԻՊ գրասենյակից հրաժարվեցին հրապարակել:
Պաշտնական մարմինները մինչ օրս լռել են սպանության մասին: Միայն քրեակատարողական ծառայությունն է դեպքի հաջորդ օրը սուղ տվյալներ հաղորդել, ցավակցելով հանգուցյալի հարազատներին:
Ըստ այդմ, 2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորը՝ 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, «բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին», սպանել է իր հետ նույն կացարանում պահվող 1970 թվականին ծնված Մ․Օ․-ին:
Ա. Հ-ն դատապարտվել էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով /ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված/:
Նա «Արմավիր» ՔԿՀ-ում է պահվել ընդամենը 10 օր: Ընդունվել է այնտեղ հուլիսի 9-ին, ապա հուլիսի 19-ին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»՝ «հոգեկան առողջական վիճակով պայմանավորված»:
ՔԿՀ-ում սակայն պատմում են. «Ա.Հ-ն ինձնից, քեզնից լավ ա հասկանում: Ինքը լավ մեջք ունի, լավ բարեկամներ, նրանք իրան մտցրել են ՑԲ-ի հոգեբոժականը»:
Forrights.am-ին հաջողվեց պարզել, որ կալանավայրում Ա-ն և Մ-ն հայտնի են որպես մայրասպաններ: Նրանց մեջ մշտապես վեճ է եղել, իսկ վեճի թեման հանցավոր արարքն էր, որի համար նրանք երկուսը մեղադրվում են: «Մեռնողի մայրը մահացել էր, իսկ էն մեկը չի կարողացել սպանի մորը: Կռիվ են արել, թե ով ոնց ա խփել, ով ինչ ա արել իր մոր հետ, ճիշտ-սխալի շուրջ», — ասում է ՔՀԿ մեր աղբյուրը:
Հայտնի է նաև, որ դեպքից առաջ Ա. Հ-ն դիմել է ԿՔՀ ղեկավարությանը, մասնավորապես հիվանդանոցի աշխատակից Արայիկ Հակոբյանին, խնդրելով, որ իրեն տեղափոխեն փակ ռեժիմ, այսինքն՝ հիմնարկի մեկուսացված խցեր: «Հակոբյան Արոն բանի տեղ չդրեց, թողեց հոգեբուժական բաժանմունքում, ու էդ օրը գիշերվա 3-ին, թե 4-ին էդ շուխուռը եղավ», — ասում է մեր աղբյուրը ՔԿՀ-ում:
Հարցին, թե ինչ ինֆեկցիոն հիվանդություն ուներ Մ. Օ-ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ մի: Մարդկանց խառը լցնում են բաժանմունքներ»:
Լուրեր կան, որ Ա.Հ-ի մոտ ծանրաձողի կշռաքար է եղել և դանակ, և որ ծանրաձողի կշռաքարն էլ եղել է սպանության գործիքը:
Մենք փորձեցինք դատախազությունից ևս մանրամասներ ստանալ:
Գլխավոր դաըտախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ երկու անձինք էլ, այսինքն, ինչպես հանցանքը կատարողը, այնպես էլ տուժողը, ունեցել են հոգեկան առողջության հետ կապված խնդիր: Նա հերքեց ՄԻՊ պնդումը, թե ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդին պահել են հոգեբուժական բաժանմունքում, հայտնելով՝ գործում նման տվյալներ չկան:
«Նրանք տեղաբաշխված են եղել հոգեբուժական բաժանմունքի միևնույն խցում և տեղաբաշխված են եղել հենց հոգեբուժական բաժանմունքում: Այսինքն՝ գործով տվյալ չկա, որ սպանվողը եղել է ինֆեկցիոն բաժանմունքում տեղաբաշխված անձ և ծեծի ենթարկելով մահ է պատճառել: Այս գործով նշանակված փորձաքննությամբ հիմնավորվել է հանցանք կատարած անձի անմեղսունակությունը, գործն ուղարկվել է դատարան՝ հանցագործություն կատարած անձի նկատմամբ բժշկական հարկադրանիք միջոց կիրառելու պահանջով: Սպանություն կատարող անձը եղել է դատապարտյալ, իսկ տուժողը՝ կալանավոր»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: