Բելառուսի Գոմելի մարզում երեկ ավարտվել են Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները, որի վերաբերյալ լրագրողներին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցություններ, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու»,- նշել է Միխայել Պոդոլյակը:
Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ասել է, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։
Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում Կիևը դեռ չի ստացել ցանկալի արդյունք, ուկրաինական իշխանությունները բանակցությունների երկրորդ փուլին անցնելու մասին որոշում կկայացնեն պատվիրակության վերադառնալուց և բանակցային գործընթացը վերլուծելուց հետո։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական կողմի հետ երեկվա բանակցություններին զուգահեռ ուկրաինական քաղաքներն ինտենսիվ հրթիռակոծվել են։ «Նման պարզ ձևով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել։ Ժամանակ մի կորցրեք, մենք նման մարտավարություն չենք ընդունում», — ասել է Զելենսկին:
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին մեկնարկել էին Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել էր Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել էր բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: