Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, մարտական գործողությունների վերջին օրերին զոհված Իլյա Հակոբյանի հարազատները պնդում են, թե հրամանատարը կռվի դաշտում լքել է 30 զինվորի՝ նրանց թողնելով շրջափակման մեջ: Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրը կռվի ընթացքում երեք հրամանատար է ունեցել: Ըստ Հասմիկի՝ առաջին հրամանատարը վիրավորվել է և նրան հոսպիտալ են տեղափոխվել, երկրորդը՝ զոհվել է, որից հետո նրանց հրամանատարը եղել է Վարուժ անունով մեկը:  

«Ինքն էլ 30 զինվորի թողել, փախել է: Մենք զանգել ենք Վարուժին, որ տեղեկություններ ստանանք Իլյայի մասին: Ինքը մեզ ասում է, որ ես հիմա գնում եմ նրանց մոտ, բայց Իլյան արդեն զոհվել էր: Հրամանատարը մեզ ասում էր, որ Իլյան վիրավոր է, Վարդենիսում է, երկու անգամ մեզ տարել-հասցրել է Վարդենիսի հիվանդնաոց, հետո արդեն, երբ հասկացանք, որ մեզ խաբում է, ճշտեցինք, որ ինքն այդ երեխաներին թողել է ու փախել: Հիմա ասեմ, թե ինչու ենք համոզված, որ թողել փախել է: Մինչև Իլյայի զոհվելու մասին լուրը ստանալը ես ու մայրս գնացել ենք Քանաքեռ-Զեյթունի քննչական, մեզ ասել էին, որ այնտեղից կարող ենք լուր ստանալ: Այդտեղ հանդիպեցինք այլ զինվորների ծնողների, նրանք բոլորը Վարուժի անունն էին տալիս, որ իր տղան Վարուժի զինվորն է եղել ու չկա: Ես էլի զինվորների եմ հանդիպել, որոնք այդ Վարուժից շատ էին դժգոհում՝ որպես դասալիքի: Շատ ծնողներ գնացել, իրեն ծեծել են Խնձորաբաղ կոչվող տարածքում»,- նշեց Հասմիկ Հակոբյանը:

Քրոջ խոսքով՝ եղբայրը պատերազմի առաջին օրերին եղել է Հադրութում, որտեղ մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության: 1,5 ամսվա ծառայող է եղել: Այնուհետ, երբ թշնամին ռմբակոծել է զորամասը Իլյան ծառայակիցների հետ տեղափոխվել է Մարտունի:

«Մարտունի գնալուց հետո որոշել են 30 հոգու տանել Լաչին, բայց ճանապարհի կեսից հետ են դարձրել ու տարել են Շուշի: Մենք սա հետո ենք իմացել՝ իր հետի տղաներից մեկի հետ խոսելիս»,- ասաց Հասմիկը նշելով, որ հրամանատարը հենց այս  ժամանակահատվածում է «լքել զինվորներին, նրանց հետ Շուշիում չմնալով»:

Ընտանիքն ավելի ուշ նրա ծառայակիցներից պարզել է, որ Իլյան Շուշիի մարտերին է մասնակցել նոյեմբերի 6-ից սկսած: Վերջին անգամ նա ընտանիքի անդմաների հետ այդ օրն է խոսել:

«Այդ օրը պապայի հետ է խոսել, պապան հարցրել է՝ որտե՞ղ ես, տեղդ ասա գամ, չի ասել: Մենք հետո ենք իմացել, որ ինքը երրորդ գծում չի եղել, երկրորդ գծում եղածները նահանջել են, այդ երեխաներին տարել են նահանջողների փոխարեն: Ինքը նորակոչիկ էր, պետք է երրորդ գծում լիներ»,- ասաց քուրը և հավելեց, որ նոյեմբերի 7-ին Շուշիում գազալցակայանի պայթյուն է եղել, Իլյան և մի քանի տղաներ վիրավորվել են:

«Մեքենա է եկել, որ վիրավորներին տեղափոխի հիվանդանոց, բայց Իլյան չի նստել մեքենան: Ընկերներին ուղարկել  և որոշել  է կռվել: Իր վերքը կապել է հագի շապիկով, բայց եթե վիրավորների հետ գնար՝ կփրկվեր:  Ես միշտ իր  հետ ներքին կռիվ եմ տալիս, որ ինքը կարող էր փրկվել՝ գալ, մեզ հասներ ու չգնար մինչև վերջ, գոնե հանուն մեզ չգնար մինչև վերջ, բայց հետո, երբ խորը վեր եմ լուծում, հասկանում եմ, որ էդ մինչև վերջ գնալն էլ էր հանուն մեզ… 44 օր կռվեց ու զոհվեց: Իլյան շատ բարի ու ընկերասեր էր, դրա համար ինքը ընտրեց ընկերների հետ լինելը, մահվանն ընդառաջ գնալով հայրենիքը պաշտպանելով, ոչ թե փախչելն ու ապրել»,- ասաց  քույրը:

Իլյա Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 9-ին՝ քրոջ խոսքով Շուշիի մատույցներում: Նոյեմբերի 6-ից հետո Իլյայի հետ կապը կորցնելուց հետո ընտանիքը նրան սկսել է փնտրել, գտել են նոյեմբերի 14-ին՝ դիահերձարանում:  «Գլխի հրազենային մահացու վիրավորում է ստացել, բայց դանակի հետքեր էլ կային կրծքաավանդակի հատվածում, երևի ձեռնամարտի է բռնվել: Ինքը ոչ կասկա է ունեցել, ոչ զրահաբաճկոն: Մայկայի վրայից բուշլատն է հագը եղել, գրպանում էլ բացած նռնակ է եղել»:

Քույրն ասաց, որ եղբայրը մարտական գործողություններից գրեթե ոչինչ չի պատմել: Պատերազմի առաջին օրն ընտանիքի հետ խոսելուց հետո այնուհետ տուն զանգահարել է ութ օր անց:

«Զանգեց ու ասաց, որ վաշտի կեսը զոհվել է, ընկերները ոտքերն ու ձեռքերը կորցրել են, նրանց զոհված և վիրավոր հանել են մարտադաշտից: Իսկ իր մասին ասել էր. «Մամ, կամիկաձեն անցել է գլխիս վրայով՝ փրկվել եմ»,- հուզված խոսքերդ մինչև հիմա մամայի ականջներում են…»,- հիշեց քուրը:

Իլյա Հակոբյանն Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից:  44-օրյա պատերազմի առաջին օրերին գյուղը ևս ռմբակոծվել է, իրենց  տունը փլուզվել է: Քուրն ասում է տան մասին եղբորը չեն ասել, քանի որ Իլյան որոշել էր բանակից վերադառնալ և հիմնովին վերանորոգել գյուղի տուն, ապա մարզադպրոց հիմնել և ապրել գյուղում:

Իլյա Հակոբյանն ԱՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից «Արցախ» շքանշանով:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest