«Նրանց ուղեկցող, ճանապարհը ցույց տվող մարդ չի եղել»

309

Աշոտ Մուրադյանը 30 տարվա վարորդ էր: Իր բեռնատար մեքենայով զբաղվում էր շինանյութի եւ այլ ծանր բեռների տեղափոխությամբ:  2020թ- հոկտեմվբերի 2-ին նա անմիջապես մեկնում է կարեւոր հանձնարարություն կատարելու` ՀՀ-ից զենք-զինամթերք Արցախ հասցնելու: Երկու օր անց ընկերները տուն են վերադարձնում նրա նաճյունը:  

Մուրադյանը երեք դստրերի հայր էր, ունի երեք թոռնիկ, ապրում էր Առինջում:

«Գյուղապետարանից զանգեցին, ասեցին, որ օգնություն է պետք, պետք է զենք տեղափոխվի Արցախ: Ինքը անմիջապես հագնվեց, հավաքվեց, մեքենան նստեց ու գնաց… այդ օրը մեր աղջկա ծննդյան օրն էր: Հոկտեմբերի 2-ն էր: Դե պարզ է, պատերազմ էր ու այդ վիճակում մենք չէինք նշում, ոչ մի բան չէինք անում, ուղղակի հավաքված էինք, նստած էինք», — պատմում է զոհվածի կինը Ֆլորան: 

Նա նշում է, որ զանգ ստանալուց հետո մի քանի ժամվա ընթացքում կարգավորել է մեքենայի անսարքությունները, թարմացրել է անվադողերը եւ ճամփա ընկել: Գիշերվա ժամը 4-ին արդեն Ստեփանակերտում է եղել:

Ավելի ուշ կնոջը հայտնի է դարձել, որ Հայաստանից զենքերով իր ամուսնու հետ եւս յոթ բեռնատար է ճամփա ընկել, եւ բոլոր այդ մեքենաների անվտանգությունը պահել են եւ նրանց ուղեկցել են Աբովյան քաղաքից մինչեւ ՀՀ եւ Արցախի սահման: Արդեն Արցախում բեռնատարներին որեւէ ուղեկցող չի եղել.  

«Հեռախոսով անընդհատ զրուցում էինք, ասում էր` շատ լավ ճանապարհներ են, լավ են սարքել, բնությունն էլ է շատ լավը, պատերազմից հետո քեզ կբերեմ, որ տեսնես Արցախը… Ասեց` պետք է երկու ժամ հանգստանամ ու ճանապարհը շարունակեմ: Ասեց` հենց շարժվենք, ես կասեմ քեզ: Նաեւ ասեց, որ տարածք կա, որը պետք է արագ անցնեն, հնարավոր է, որ չկարողանա պատասխանել զանգերին: Հետո ամեն ինչ նորմալ էր: Եղնիկներ պետք է գնային: Պետք է զենքը այնտեղ թողեր ու հետ գար»: Անցել են ժամեր, սակայն Աշոտից այլեւս որեւէ լուր չի եղել:

Որոշ ժամանակ անց նրա ընկրները այցելել են Ֆլորային եւ հայտնել ամուսնու զոհվելու մասին:

«Ասում են, որ մոտեցող ԱԹՍ-ների ձայնն են լսել, մեքենաները կանգնացրել են, իջել են, վազել են դեպի խրամատները, կամ ճամփեզրի անվտանգ տեղերը, թաքնվել են, բայց ինքը չի հասցրել: ԱԹՍ-ն հենց իր կողմն է ընկել… Նրանց ուղեկցող մարդ, ճանապարհը ցույց տվող մարդ չի եղել: Եղնիկներ ուրիշ ճանապարհով էր հնարավոր գնալ, այնպես, որ առաջնագիծ չլինի, բայց նրանք տեղանքին ծանոթ չէին: Հասկացել էին, որ ինչ-որ սխալ ճանապարհով են գնում, ցանկացել էին հետ շրջվել: Մի սպիտակ մեքենա է եկել, ճանապարհ է ցույց տվել: Գնացել են, մի քանի րոպե հետո դեպքը եղել»,- պատմում է Ֆլորա Հովհաննիսյանը ու նշում, որ եթե նրանց ուղեկցող լիներ ու որեւէ ձեւ հոգ տարվեր նրանց անվտանգության մասին, ամուսինը չէր զոհվի:

Անի Գևորգյան