Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության և ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ ՎՏԲ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն։
Ռուսաստանյան առաջատար ավիաընկերության չվերթները դեպի Մեծ Բրիտանիա կարգելվեն։ Լոնդոնը նաև սահմանափակել է Մեծ Բրիտանիայում պահվող ռուսաստանցիների գումարների չափը։ Բացի այդ, կարգելվի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։
Ջոնսոնը չի բացառել ապագայում Ռուսաստանի անջատումը միջբանկային վճարումների SWIFT համակարգից։ Պատժամիջոցների կենթարկվեն նաև ռուս օլիգարխները: BBC-ի համաձայն` ցուցակում ընդգրկված է Կիրիլ Շամալովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի նախկին ամուսինը։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի նաև ՎՏԲ-ի խորհրդի փոխնախագահ Դենիս Բորտնիկովի և Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարի դեմ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: