Գեներալների ջարդ ԳՇ-ում. ովքեր են փոխարինում խնդրահարույց զինվորականներին

137

Հայաստանի Զինված ուժերում երեկ աննախադեպ ծավալի պաշտոնանկություններ են տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Ալեն Սիմոնյանի հրամանագրով բանակում աշխատանքից ազատվել են ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներ:

Այսպես՝ Արտակ Դավթյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նրանից զատ վարչապետը պաշտոններից ազատել է 4 վարչությունների պետերի: Արթուր Պողոսյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի, Անդրանիկ Մակարյանը` Պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԳՇ պետի տեղակալի, Արմեն Հարությունյանը` Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի, Արմեն Առուշանյանը` Ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոններից:

Պաշտոնից հեռացված զինվորականներից ոմանք անցնում են քրեական գործերով: Արտակ Դավթյանն, օրինակ,  անցնում է «անպետք հրթիռների գրծով»: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրա նկատմամաբ, սակայն, որևէ խափանման միջոց չէր կիրառվել՝ հավանաբար այն հանգամանքով, որ նա բանակում բարձր պաշտոն է զբաղեցնում: Հայաստանի իշխանությունները որևէ հիմնավորում դեռ չեն ներկայացնում, թե ինչու են բանակում պաշտոնանկությունների շքերթ սկսել:

Արտակ Դավթյանը, եթե ազատվել է այս քրգործի պատճառով, ապա հարց է առաջանում, թե ինչու հիմա, քանի որ քրգործը հարուցված է արդեն ութ ամիս: Փորձագիտական շրջանակները ևս ձեռնպահ են մնում մեկնաբանել այս պաշտոնակությունները:

Անդրադառնալով «անպետք հրթիռների» քրգործին՝ հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այն հարուցել էր 2021-ի սեպտեմբերին՝ միաժամանակ տեղկեացնելով, որ շուրջ հինգ մլն դրամի հրթիռ է ձեռք բերվել, որը ժամկետանց է եղել: Այս գործով անցնում են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերին մշտապես զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը: Այս գործով, ըստ ԱԱԾ-ի, անցնում են նաև մի շարք զինվորականներ, սակայն, միանշանակ չենք կարող պնդել, որ այսօր ազատված զինվորականները կապ ունեն այս գործի հետ:

Իսկ ահա այսօր ազատված ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանն անցնում է պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի գործով:  Հիշեցնենք՝ խոսքը Քննչական կոմիտեում քննվող Արցախի Հին Թաղեր գյուղի մոտ ծառայություն իրականացրած պահեստազորայինների գերեվարման ու մահվան հանգամանքների վերաբերյալ գործի մասին է:

Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար մեղադրվում են Հին թաղերի 12 մարտական դիրքերի անվտանգության պատասխանատու, հրաձգային գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը և նրա ենթակա, մայոր Վլադիմիր Ղուկասյանը։

Ռազմական տարբեր հանցագործությունների համար 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում, նրանցից, սակայն, հայտնի է միայն Անդրանիկ Մակարյանի անունը:  Նա իր մեղքը չի ընդունում։ Ու չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Այս պահին չկա պաշտոնական տեղեկություն, թե նա ինչ պատճառով է ազատվել աշխատանքից:

 Զինված ուժերում այսօր նաև նշանակումներ են կատարվել. Արմեն Գյոզալյանը նշանակվել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Սերյոժա Ստեփանյանը կզբաղեցնի Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի, Վաչագան Ներսեսյանը` Պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի, Գոռ Նիկոյանը` Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնները: Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչությունը կղեկավարի Կարեն Գրիգորյանը: Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Բագրատ Մաթևոսյանը` Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

ԳՇ պետի տեղակալ նշանակված Արմեն Գյոզալյանի գործունեության վերաբերյալ  մամուլում աղմկահարույց հրապարակումներ կան:

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակած Բագրատ Մաթևոսյանի մասին էլ տարիներ առաջ մամուլում գրվել է, որ նա 2013թ.   հունվարի 24–ին և մայիսին տարբեր միջադեպրով  հարվածել տարբեր զինվորների, ինչի հետևանքով զինվորները  մարմանական վնասվածքներ են ստացել: Նա այդ ժամանակ զորամասի հրամանատար է եղել, դատարանը նրան երեք տարվա ազատազրկման է դատապարտել, սակայն, նա ազատվել պատժի կրումից  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  ՀՀ ԱԺ 03.10.2013թ.  որոշման կիրառմամբ:

Պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ նշանակված Վաչագան Ներսիսյանն էլ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչի պաշտոնում է հայտնվել իրավապահների ուշադրության կետրոնում:

Իսկ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնն անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը Արուսիկ Պետրոսյանին պատճառելլ է  905 հազար 203 ՀՀ դրամի վնաս։ Բացի այդ, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ, պետությանը պատճառվել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս։


Նարեկ Կիրակոսյան