«Երբ Արցախում պատերազմ սկսվեց, որդիս հենց հաջորդ օրը գնաց զինկոմիսարիատ, կամավորագրվեց։ Անընդհատ սպասում էր, թե երբ պիտի հերթն իրեն էլ հասնի, որ գնա Արցախ, և վերջապես նա հոկտեմբերի 21-ին մեկնեց։ Մոնթեն նրա կուռքն էր, նաեւ Վազգենին էր սիրում», — հիշում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Յուրիկ Սարգսյանի մայրը՝ Կարինե Վարդանյանը։
Կամավոր Յուրիկ Սարգսյանը կռվել է Կարմիր Շուկայում, «Մարտունի-2»-ում, հետո՝ Շուշիում, որտեղ զոհվել է։
«Որդիս շատ լավատես էր։ Երբ զանգում էր՝ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ կլինի։ Նոյեմբերի 6-ի առավոտյան չզանգեց։ Մտածեցի՝ գիշերը կզանգի, որպեսզի նաև իր հայրիկի ծնունդը շնորհավորի, բայց Յուրիկն այդպես էլ չզանգեց։ Հետո արդեն մեր բակի բնակիչները գիտեին, որ որդիս զոհվել է, մեր ազգականներն էլ էին այդ մասին տեղյակ, բայց մենք դեռ չգիտեինք։ Առավորտյան դստերս ամուսինը զանգահարեց ու ասաց այդ մասին։ Այդ չարաբաստիկ օրը նոյեմբերի 6-ն էր․․․ », — ասում է տիկին Կարինեն։
Յուրիկի մարտական ընկերները պատմել են` պատերազմի օրերին, հատկապես Շուշիում շատ ծանր պահեր են եղել, աննկարագրելի դաժան տեսարաններ․․․
«Շուշիում Յուրիկն ասել է՝ «Տղե՛րք, հենց այս նեղ տեղից դուրս գանք ու գնանք, բոլորս մեծ մատաղ ենք անելու»․․․ Ցավոք, բոլորը եկան՝ բացի Յուրիկից․ նա զոհվեց դիպուկահարի կրակոցից։ Նրանց ջոկատում 44 հոգի էին․ 43-ը վերադարձան։ Աստված պահի այն տղաներին, որոնք ողջ են մնացել, թո՛ղ նրանք անպակաս լինեն իրենց ընտանիքներից», — ասում է տիկին Կարինեն։
Պատերազմի օրերին տարատեսակ սարսափելի լուրեր լսելով՝ որդու զոհվելու մասին իմանալով՝ տիկին Կարինեն հույս է ունեցել, որ գոնե որդու մարմինը Երևան տեղափոխեն։
«Իմ միակ սփոփանքն այն էր, որ իմ տղայի մարմինը ամբողջական էր։ Ես գրկել եմ երեխայիս, տեսել եմ, համբուրել եմ․․ Գոնե գիտեմ, որ իմ երեխայի մարմինն է եղել», — ասում է տիկին Կարինեն։
Յուրիկը 36 տարեկան հասակում է զոհվել։ Նա երկու դուստր ունի․ նրանցից մեկը հիմա 6 տարեկան է, մյուսը՝ 10։ Երբ Յուրիկը պատերազմ էր մեկնում, նրա դուստրերից յուրաքանչյուրը մեկ նամակ էր գրել, որ հայրիկն իր հետ տանի Արցախ, միշտ նայի նամակներին, հիշի, որ իրեն սպասում են ու շուտ վերադառնա։
«Որդիս, իհարկե, դուստրերի գրած նամակները գրպանը դրեց ու գնաց պատերազմ։ Երբ արդեն Արցախում էր, ասում էր՝ աղջիկներիս գրած նամակները ամեն օր նայում եմ․․․ Որդուս զոհվելուց հետո նրա մարմինը Երևան տեղափոխեցին։ Նա հիմա ննջում է Եռաբլուրում։ Թոռնուհիներիս գրած նամակները հիմա մեր տանն են․ նա իր մոտ էր պահել դրանք․․․ Փոքրիկները վատ հոգեբանական վիճակում էին, նրանք անգամ վերջին հրաժեշտ չտվեցին հայրիկինԼ Հիմա նրանք ամեն քայլ անում են այնպես, որ հայրիկը երկնքից տեսնելիս իրենցով հպարտանա», — ասում է տիկին Կարինեն։
Յուրիկի համար Արցախը ու Շահտապես Շուշին առանձնակի սիրելի էին։ Նա տաքսի էր վարում և հաճախ բարեգործական սկզբունքներով ծնողներին տանում էր Արցախ, որպեսզի վերջիններս տեսնեն իրենց զինվոր զավակներին։
Կամավորական Յուրիկ Սարգսյանի մայրն ասում է՝ իր որդու ընկերներն ու ծանոթ մարդիկ ջերմ են իրենց նկատմամբ, հարևանները իրենց միջոցներով բակում Յուրիկի անունով հուշաղբյուր կառուցել։ Յուրիկին բոլորն էին սիրում։
«Իսկ ինչ վերաբերում է պատկան մարմիններին, կարծես գոյություն չունեն հիմա․․․ Այն ժամանակ ասում էին՝ վե՛ր կացեք, եկե՛ք, տանն ինչ ունեք, վերցրե՛ք ու գնացե՛ք կամավորացրվելու․ այդ ժամանակ մարդկանց հետ կապ պահում էին, իսկ հիմա՞։ Հաճախ եմ նամակներ գրել մեր պաշտոնյաներին, օրինակ՝ Ալեն Սիմոնյանին, ոչ միայն ինձ հուզող հարցերի պատասխանները չեմ ստացել, այլև չեն էլ պատասխանել նամակներին։ Անտեսված ենք պատկան մարմինների կողմից։ Հիմա միայնակ ենք մնացել․ զավակի կորստի ցավը միայն ծնողը գիտի, և թո՛ղ որևէ մեկը չասի, թե հայրենիքը երեխայից թանկ է։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, հողն ու ջուրը, իմ եռագույն դրոշից այն կողմ կյանք չեմ տեսնում․ այդպիսին էր նաև իմ որդին, բայց մարդու համար իր երեխայից էն կողմ աշխարհ չկա», — ասում է տիկին Կարինեն։
Հասմիկ Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: