Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ապարանցի հրամանատար Գեղազնիկ Տոնոյանի հետ ծառայած նորակոչիկները դեռ երկար կհիշեն նրա հերոսական պայքարը:
Գեղազնիկի հայրը`Հաբեթնակը, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, վիրավորվել, երկրորդ խմբի հաշմանդամ է, հորեղբայրը` հրամանատար Նահապետ Տոնոյանը, 1992թ. աշնանը զոհվել է Լաչինում:
Գեղազնիկն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որից հետո տասը տարի ծառայել էր Հադրութում: Այդ ընթացքում նա բազմաթիվ շքանշանների եւ պատվոգրերի է արժանացել: Սկզբում եղել է վաշտի հրամանատար, իսկ արդեն 2020թ. պատերազմի ժամանակ`գումարտակի շտաբի պետ:
Երբ պատերազմը սկսվել է, Գեղազնիկը արձակուրդում է եղել: Ընկերները զանգել, ասել են, որ հակառակորդը հարձակվել է, ինքն անմիջապես մեկնել է ռազմաճակատ:
Հաբեթնակ Տոնոյանի խոսքը որդու, նրա մարտական գործողությունների մասին կարճ ժամանակ անց վերածվում է ինքնաբուխ ելույթի:
«Իմ որդին մեծ սխրանքներով է կռիվ տվել Հադրութում: Երբ նորակոչիկները եկան, պատմեցին, մենք այդ ժամանակ իմացանք, թե նա ինչերի միջով է անցել, ինչերի է մասնակցել: Հադրութը մնացել էր շրջափակման մեջ, զորքին խաբելով գցել են շրջափակման մեջ, մի կերպ դուրս են եկել: Հադրութը հանձնելուց հետո Գեղազնիկին ու իր հրամանատարության տակ գտնվող տղաներին հանել են: Նա մի խումբ տղաների հետ տեղափոխվել է Կարմիր շուկա, այնտեղից`Սղնախ, Սղնախից էլ Քարինտակ: Քարինտակը հանձնելուց հետո էլ տղաներին տեղափոխում են Շուշի:
Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է մնացել` ո՞ր հրամանով, ինչո՞ւ են տղաներին տարել Շուշի, երբ այդ ժամանակ հակառակորդի զորք էր արդեն կուտակվել Շուշիում: Նույնիսկ զենքին լիարժեք չտիրապետող, մեկ-երկու ամսվա ծառայող նորակոչիկներին են տարել այնտեղ: Ո՞ւմ հրամանով են այդ նորակոչիկներին տարել Շուշի, որտեղ նրանց կոտորել են, դիերն էլ են ցույց տալիս: Բոլոր ճանապարհներին մեր զոհված երեխաների դիերն են, մինչեւ օրս չեն կարողանում գտնել: Խաբել են, Քարինտակից իջեցրել երեխեքին, հետո հետ դառնալու հրաման տվել, արդեն ուշ է եղել: Դա եղել է հավանաբար նոյեմբերի 5-ին: Ի՞նչ խղճով են այդ երեխեքին տարել Շուշի, երբ Շուշին արդեն մերը չէր: Էդ ո՞նց եղավ, ՄՕԲ-ի ջոկատները չհերիքեցի՞ն, կամավորները չե՞ն ցանկացել, որովհետեւ իմացել են, թե ինչն ինչոց է: Իսկ իմ որդու ջոկատին հրաման են տվել: Ինքը մինչ այդ հաջողակ է եղել, այդ ջոկատին էլ հանել են բաց դաշտ`բազմահազարանոց հակառակորդի դեմ Շուշիի դարպասներում:
Երբ Գեղազնիկը տեսել է, որ էլ ճար չկա, նորակոչիկներին ուղղորդել է, որ ինչքան կկարողանան`կպահեն: Մի քանի ժամ անց լուր է տարածվել, որ Տոնոյանը զոհվել է: Նոյեմբերի 7-ին, մինչեւ ժամը 11-ը մենք Գեղազնիկի հետ հեռախոսազրույց ենք ունեցել: Ժամը 4-5-ի սահմաններում արդեն Գեղազնիկը զոհված է եղել: Տասնմեկ հոգի, ըստ տղաների պատմածի, զոհվել են այդ օրը, նույն տեղում, որից հինգը ապարանցի էին: Իսկ Ապարանը վերջին պատերազմում տասնութ զոհ է տվել: Զինակից ընկերներից Արսեն Խաչատրյանը եղել է իմ որդու հետ, քաջաբար նրա հետ գնացել է դիրք գրավելու: Արսենի եղբայրը`Անդրանիկ Խաչատրյանը, Շիրակի մարզից, նույնպես զոհվել է: Ականատեսները պատմում են, որ Շուշիում, երբ որդիս զոհվել է, այդ օրերին ոտք դնելու տեղ չի եղել, ամենուր դիեր էին: Տղայիս զոհվելու պատճառն էլ է դա եղել, թաքնվելու հնարավորություն չի եղել»,- հիշում է Հաբեթնակ Տոնոյանը:
Գեղազնիկ Տոնոյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ » 1-ին աստիճանի շքանշանի. հայրն ասում է, որ որդու հետ ծառայած նրա ընկերները պարբերաբար պատմում, հիշեցնում են նրա սխրանքների մասին, եւ նա ավելիին է արժանի: Իր որդու հետ մեկտեղ բարձր պարգեւների են արժանի նաեւ այլ տղաներ, որոնք ինը, տասնմեկ տանկ են խփել, օրինակ`Դավիթ Ղազարյանը: Կամավորներից էլ, օրինակ, Մկրտիչ Սարգսյանն է իր որդու`Վազգենի հետ միացել Գեղազնիկին եւ զոհվել:
…Իսկ Գեղազնիկի չորսամյա որդին հոր գերեզմանին այցելելիս`ամուր փաթաթվում է նրա շիրմաքարին, ասում է`իմ Գեղազնիկն է:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: