«Գումարտակի հրամանատարը փախել է ու տղաները մնացել են անտեր»

1311

Սերժանտ Կարո Հովակիմյանը ծնվել էր Սիրիայում: Երկուս ու կես տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել էր Հայաստան: 44- օրյա պատերազմի ընթացքում ծառայել էր որպես բուժակ նախ Ջրականում, ապա Հադրութում: Նրա մահվան օրը հստակ մինչ օրս հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչ վնասվածքներից է նա մահացել: 2020թ-ի դեկտեմբերին հայտնաբերվել ու ծնողներին են հանձնվել նրա ոսկերները:

«Մեզ շատ է տանջում այն միտքը, որ կարող էինք քաղաքացիություն չվերցնել ու մեր տղան չէր ծառայի: Երկար մազերով, ծամոն ծամելով հիմա քաղաքում ման կգար: բայց մենք այդպես չէինք ապրելու, մենք այդպես չէինք մտածում: Մերը ուրիշ ձեւ էր: Մտածում էինք` եթե այս երկրի բարիքներից օգտվում ենք, սա մեր երկիրն է, նաեւ ունենք պարտ վճարելու այս երկրին: Ու շատ թանկ վճարեցինք», — ասում է Կարոի հայրը` Սարգիս Հովակիմյանը:

Նրա խոսքով, որդու մահվան մասին շատ հանգամանքներ մինչ օրս հայտնի չեն, սակայն դրանք այլեւս կարեւոր էլ չեն, քանի որ հնարավոր չե այլեւս որեւէ բան փոխել: «Մենք տեղափոխվեցինք Հայաստան 2003թ-ին, երբ Կարոն 2.5  արեկան էր: Որոշեցինք մեր կյանքը շարունակել Հայաստանում: Բավական դժվարությունների միջով անցանք, մինչեւ տարիների ընթացքում կարողացա աշխատանքի առումով կայանալ: Հայաստանում ծնվեց իմ աղջիկը` Նանեն, հետո էլ կրտսեր որդիս` Մանվելը»,- պատմում է զոհված զինվորի հայրը: Սարգիսը ատամնատեխնիկ է եւ դա ընտանեկան բիզնեսի մի մասն է: Դպրոցն ավարտելուց հետո Կարոն եւս որոշել էր ապագան կապել բժշկական բնագավառի հետ եւ ընդունվել էր ատամնաբուժական ֆակուլտետ: Մեկ կիսամյակ սովորելուց հետո, սակայն, զորակոչվել էր բանակ ու որպես բուժակ ծառայության էր անցել Ջրականում:

Պատերազմի ընթացքում նա հարազատներին հավատացնում էր, թե ապահով տեղում է, իրեն որեւէ վտանգ չի սպառնում, իսկ հոկտեմբերի 4- ին զանգահարել է հորը ու ասել, որ Հադրութոււմ է, քանի որ «Ջրականը էլ չկա»:

Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 8-ին. «Հետո կապը ընդհատվել է ու վերջ: Ընկերներից իմացա, որ մինչեւ ամսի 10-ը ինքը եղել է: Նրանց սխալ հրահանգավորմամբ բարձրացրել են դիրք պահելու, որը շրջապատված է եղել ազերիներով: Հադրութի Վանք գյուղի մոտակա դիրքերից մեկն է եղել: Եղել են 94 հոգով, նրանց մեծամասնությունը զոհվել են, մի մասը մինչեւ հիմա անհետ կորած է, գերեվարվածներ կային: Նրանց հրամանատարը զոհվել է, միջին դասի հրամանատարությունը ինչ կարողացել արել է, իսկ նրանց գումարտակի հրամանատարը փախել է ու տղաները մնացել են անտեր»:

Գումարտակի հրամանատարը Իշխան Վահանյանն էր, ով այժմ կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի եւ 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաեւ ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետեւանքներ: 

Նշենք, որ անցած տարվա գարնանը Իշխան Վահանյանը ազատ էր արձակվել, սակայն զոհված տղաների բողոքից հետո նա կրկին կալանավորվել էր:

Ի հիշատակ Կարո Հովակիմյանի, ծնողները հիմնել են բարեգործական հիմնադրամ, որի միջոցներով օգնում են հաշմանդամություն, ուղեղային կաթված եւ բժշկական այլ միջամտության կարիք ունեցող երեխաներին, վիրավոր զինվորներին եւ կարիքավոր ընտանքիների երեխաներին։ 

Անի Գևորգյան