Հայաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի ավելի վարակիչ ու ավելի վտանգավոր համարվող BA2 ենթատեսակը

196

Հայաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի ավելի վարակիչ ու ավելի վտանգավոր համարվող BA2 ենթատեսակը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։«

Համաճարակային իրավիճակի առումով թեև ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է։ Այսօր մենք չենք կարող իրավիճակը գնահատել մեր առկա տվյալներով, քանի որ բոլորս տեսնում ենք՝ գրեթե թեստավորում չի անցկացվում։ Երևի սա առաջին անգամ է, որ մենք չենք կարող գնահատել իրական իրավիճակը։ Ամբողջ աշխարհում ևս լարված է իրավիճակը՝ պայմանավորված «օմիկրոն» շտամով։ Մասնավորապես, արդեն «օմիկրոնը» ունի երեք ենթատեսակ, և նախորդ ենթատեսակների համեմատ առավել վտանգավոր և վարակիչ է BA2 ենթատեսակը։ Հայաստանի Հանրապետությունում արդեն ունենք այս ենթատեսակը։ Ընդհանուր առմամբ Հայաստանում շրջանառվում է հիմնականում «օմիկրոն» շտամը»,- ասաց նա։

Ռոմելա Աբովյանը նշեց, որ Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության բարձր ցուցանիշ ունենք, և դրական թեստերի տոկոսը 29 տոկոսից ավելի է։