«Շատ անսպասելի հարձակում եղավ «Յաշմա» ջոկատի կողմից, հետները ձեռնամարտի բռնվեցինք, մեր դիրքը շրջափակման մեջ հայտնվեց, իրենք մեզանից թվով շատ էին: Մենք այդ պահին հերթափոխ էինք իրականացնում»,- forrights.am-ի հետ զրույցում 2021 թվականի նոյեմբերի 16-ին Ջերմուկի դիրքերում հայ-ադրբեջանական զորքերի բախման միջադեպը ներկայացնելիս հիշում է գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանը:
Հիշեցնենք՝ այդ օրը ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները երկու ուղղություններով հարձակվել էին հայկական դիրքերի վրա՝ Ջերկուկի և Սիսիանի կողմերից: Մարտերի ժամանակ հայկական կողմը վեց զոհ ունեցավ, 32 զինծառայող գերեվարվել էր՝ այդ թվում նաև Նարեկ Երիմյանը: Նշում է, որ իրենց դիրքից իրենից զատ գերեվարվել են ևս 10 հոգի:
Գումարտակի հրամանատարի տեղակալ Նարեկ Երիմյանը մի քանի օր առաջ է ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ մեկ մլն դրամ գրավի դիմաց: Բաքվում մնացել է 20 օր, դեկտեմբերի չորսին Հայաստան վերադառնալուց հետո մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 2021 թվականի դեկտեմբերի 27-ին մայոր Երիմյանը կալանավորվել էր:
«Մարդը կարոտած գալիս է իր ծնողներին, երեխաներին, ընտանիքին տեսնի, բայց չի տեսնում… դե ոչինչ»,- նշում է նա:
Անդրադառնալով 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձություններին՝ Նարեկ Երիմյանը նշում է, որ ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատը հայկական դիրքեր են ներթափանցել առավոտյան 11:00-ի հատվածում:
«Մեր դիտորդը նկատել է, փորձել է կանգնեցնել, բայց չեն կանգնել, առաջ են եկել: Մենք էլ այդ ժամանակ հերթափոխի հանձնում-ընդունում անելով ենք զբաղված եղել: Մեր դիտորդը հենց ասեց դուրս եկանք, արդեն մեր մոտ էին: Կանգնեցինք միմյանց դեմ դիմաց և սկսեցինք զրուցել: Մեզ ասում էին՝ «սա մեր դիրքն է, մենք նոր քարտեզ ունենք»: Բացատրում էինք, որ իրենց հրամանատարության հետ GPS-ով ենք այս սահմանները որոշել: Ագրեսիվ պահվածը ծեծ ու ջարիդ բերեց, ձեռնամարտի բռնվեցինք: Մեզ հետ տասը հոգի էր խոսում, բայց մեր դիրքն արդեն շրջափակված էր իրենց կողմից, բացի այդ էլ իրենց խրամատներում էլ շարժը շատ էր, լիքը մարդ կար: Դա նաև հաստատվեց այն ժամանակ, երբ մեզ գերի վերցրեցին ու տարան իրենց դիրքեր»,- ասում է Նարեկ Երիմյանը և շեշտում, որ շփման գոտու այդ հատվածում՝ որտեղ ինքն է ծառայություն իրականացրել, հայ-ադրբեջանական դիրքերը միմյանցից քիչ հեռավորության վրա են գտնվում:
«Ադրբեջանական դիրքերը շատ մոտ են մեր դիրքերին, նոյեմբերի 16-ից հետո մենք մի քիչ հետ ենք տվել: Մոտ 100 մետր ա հեռավորությունը դիրքերից, իսկ տեղեր կան, որ խրամատները մոտ 50 մետրն են իրարից հեռու: Ադրբեջանական այդ դիրքը բարձրունիքի վրա է, մերը մի քիչ ներքև է»,-նշում է Երիմյանը և հավելում, որ միջադեպի նախորդ գիշերը խստացված հսկողություն են իրականացրել և որևէ շարժ չեն նկատել:
«Ադրբեջանցիները գիտեին, թե մեր սպեցնազն է այդտեղ, ինձ հարցրեցին՝ ու՞ր է սպեցնազը, մենք իրենց ենք սպասում: «Յաշմա» ջոկատը եկել էր մեր սպեցնազի հետևից: Մեր մոտ սպեցնազից մարդ երբեք չի եղել: Լինում է, որ հինգ-վեց-յոթ հոգով ենք դիրք պահում: Հստակ չեմ հիշի, թե այդ օրը քանի հոգով էինք: Հիմա անձնակազմի պակաս ունենք
Նրանց գալը տեսնելով փորձել ենք կապնվել, ասել, որ մեր դիրքերում են, բայց մինչև օգնությունը գար, հասներ՝ ժամանակ էր պետք, մի րոպեում չէին կարող գալ հասնել: Փոխհրաձգություն չի եղել, բայց իրենց կողմից կրակել են, ես տեսել եմ: Եթե դիրքում ես՝ պետք է կրակես, մենք պարզապես չհասցրեցինք, անսպասելի էր»,- նշում է նա:
Նարեկ Երիմյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հույս ունի, որ արդարությունը դատարանում կվերականգնվի: Դատական նիստի օրն առայժմ անհայտ է:
Նարեկ Երիմյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2009 թվականից ծառայել է Արցախի և Հայաստանի զորամասերում: Այժմ չի աշխատում: Պաշտոնապես աշխատանքից չի ազատվել, բայց հայտնի էլ չէ՝ վերականգնվելու՞ է, թե՝ ոչ: Այս հարցով դիմել է պաշտպանության նախարարություն, բայց հստակ տեղեկություն չեն տրամադրել:
«Ծնողներս ու այլ հարազատներ են վճարում տան հիփոթեքը: Տանը չորս հոգով ենք՝ ես, կինը և երկու տղաներս, շուտով նաև երրորդ երեխաս կծնվի: Պահել է պետք: Նախարարությունից հստակ բան չեն ասում, սպասում եմ, անորոշ վիճակ է: Ինչ վերադարձել եմ չեմ աշխատում, աշխատավարձ չեմ ստանում, այլ աշխատանք եմ փնտրում»,- ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: