Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի. սա ադրբեջանական իշխանությունների համակարգված քաղաքականություն է․ ՄԻՊ

60

Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է:

Այս եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց հետ քննարկումների ու Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի (Гегам Степанян) մեր համատեղ վերլուծությունների վրա:

Խաղաղ բնակիչների կյանքի, արժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն:

Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն:

Բայց մարդիկ բոլորն էլ տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն. հերոս են: Նույնը նաև վերաբերում է Հայաստանի սահմանային բնակիչներին:

Ուղղակի մենք ինքներս՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, պետք է համակարգված գործենք, ճիշտ հասկանանք ադրբեջանական իշխանությունների արարքների իրական մոտիվները, շարժառիթները:

Ճիշտ գնահատենք մեր կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները:Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնել միջազգային հանրությանը. պետք է հասկանալ իրական մտադրություններն ու դրանք բացահայտող փաստերը:

Այսօր էլ Արցախյան շարժման 34-րդ տարվա` 1988թ. գլխավոր օրերից է, որ խորհրդանշում է իրավունքների պաշտպանության համար պայքարը:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան