Նախքան արցախյան երկրորդ պատերազմում իր զոհված որդու` Ազատ Սահակյանի մասին պատմելը, մայրը` Սիլվա Հակոբյանն, ինձ է նվիրում Ազատի մասին գրված գիրքը: Մոր համար անասելի տառապանք է եղել գտնել որդու ձեռագրերը, նրա`թղթին հանձնված հոգու պոռթկումներն ի մի բերել, որդուն ճանաչողների` դասընկերների, դասախոսների պատմությունները հավաքել ու վերածել գրքի:
«Ոնց որ թիթեռը մենք ապրում ենք մի օր…
Վայելում հենց էս պահը`ոչինչ հետ չգցելով,
ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ…
Կա շրջապատ, որտեղ վատը լավ է,
Իսկ լավը վատ ու չկա վատ, անցյալ ու ապագա…
Չկա՜, ամբողջը ներկա,
Հա՛մ երազում ենք, հա՛մ երազից դուրս`
Առավոտից մինչեւ լույս…
Ձգտում դեպի հաճելին,
Վերցնում կյանքից ավելին »,- այսպես է գրել պատանի Ազատը:
«Ազատն ու եւս 18 քաջորդի պատերազմի թեժ օրերին գտնվել են Կողակ բարձունքում, որը ռազմավարական տեսանկյունից կարեւոր հենակետ էր: Նոյեմբերի 4-ին, 5-ին, 6-ին տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ այս տղաները հաջողությամբ հակահարված են հասցնում թշնամուն`ահռելի կորուստներ պատճառելով նրանց: Հաղթանակներից ոգեւորված`հայրենիքի նվիրյալ 19 տղաները միմյանց երդվում են, որ ինչ էլ պատահի, չեն լքի իրար եւ բարձունքը: Կապած ուխտը տղաներին իրար է կապում նաեւ ճակատագրով: Օր ու գիշեր տեւած մարտերի ժամանակ վիրավորված ծառայակից ընկերներին Ազատն իջեցնում է սարից, հասցնում փրկել նրանց կյանքերն ու կրկին վերադառնում Կողակ:
Լուսաբացին`կատաղի մարտերի պահին, հրամանատարը նահանջի հրաման է տալիս, սակայն տղաներից եւ ոչ ոք չի լքում իր դիրքը: 19 լույս տղաներից 11-ը զոհվում են, նրանց թվում`Ազատը: 8-ը ստանում են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ եւ հրաշքով փրկվում:
Ազատը նույնպես կարող էր փրկվել, երբ վիրավոր ընկերներին իջեցնում էր սարից: Նա կարող էր կրկին չբարձրանալ, մնալ ներքեւում, ուր ավելի ապահով էր, սակայն բարձունքին կրկին հասնելն Ազատի որոշումն էր: Նա ուխտադրուժ չեղավ, մինչեւ վերջ մնաց այն Ազատը, ում բոլորն էին սիրում, չդավաճանեց իր տեսակին, չվախեցավ մահվանից, հասավ բարձունքին, որ հասնի Բարձրյալին: Նա հերոսաբար ընկավ նոյեմբերի 7-ին: Այժմ հայկական կողմի վերահսկողության տակ է գտնվում Կողակ բարձունքի այն կեսը, որն այդպես էլ չլքեցին Ազատն ու իր ընկերները »,- իրենց գրառումներում այսպես են հիշում Ազատին իր մտերիմները:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ազատը սովորել է խոհարարություն, այնուհետեւ ընդունվել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան` ընտրելով հոգեբանի մասնագիտությունը: Հետո նա մեկնել է ծառայության: Մեկ տարի, մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր, երբ սկսվել է պատերազմը: Այդ ժամանակ Ազատը ծառայում էր «Մարտունի- 3 » զորամասում: Մայրն ասում է, որ իրենք երբեք չեն խոսել պատերազմի մասին, նույնիսկ պատերազմի ամենաթեժ շրջանում չեն խոսել այդ մասին: Այդ ընթացքում Ազատն իր հարազատների հետ խոսել է միայն հոգեւոր թեմաներով, իրար քաջալերել են:
«Մեր խոսքն աղոթքն էր, իրար աղոթքով էինք քաջալերում: Մեր միակ երազանքն այն էր, որ խաղաղություն հաստատվի: Երբ զանգ չստացանք Ազատից, սկսեցինք փնտրել նրան: Փնտրտուքները երկար տեւեցին, մոտ մեկ ամիս: Մեզ բոլորովին այլ տեղեկատվություն էին տվել: Ես այդ օրերին շատ ծանր վիճակում էի, փնտրտուքներով զբաղվում էին ամուսինս ու մեր մոտ ընկերները: Ազատին շուտ էին գտել, գլխից էր միայն վնասվել: Սեւանի դատաբժշկական կենտրոնից զանգեցին, տեղյակ պահեցին »,- պատմում է Սիլվան:
Ողջ զրույցի ընթացքում նա խուսափում էր որեւէ հարց քաղաքականացնել, գնահատական տալ որեւէ երեւույթի` ասելով, որ իր որդու մահվան իրական հանգամանքները միայն Աստված գիտե, եւ ամեն ոք հաշվետու է, պատասխան է տալու միայն Աստծո առաջ: Սիլվան ակնկալում է միայն, որ պատերազմի բոլոր պատասխանատուները, իշխանավորներն ապաշխարեն, դարձի գան, որպեսզի մեր տանջված երկիրը բժշկվի, ապաքինվի:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: