44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները այսօր Հանրապետության Հրապարակում խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում։ Ակցայի մասնակիցները մի քանի պահանջ ունեին։ Պահանջներից մեկը արցախցիների կարգավիճակի հարցն էր:

«Ադրբեջանը երեսուն տարի շահարկել է փախստականների կարգավիճակի հարցը, թե իրենք ունեն մեկ միլիոն փախստական, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրաձայնում, որ մենք ունենք 35-40 հազարի չափ փախստական: Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը որոշում ընդունի շուշեցիներին, հադրութցիներին և մեր այլ հայրենակիցներին տրամադրի կարգավիճակ, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեն մեզ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից Աշոտ Հարությունյանը:

Կարգավիճակ ասելով՝ արցախցիները նկատի ունեն փախստականի կարգավիճակը՝ հավաստիացնելով, որ այն պետք է, որպեսզի միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի իրենց։

«Ուզում եմ ժխտել մի միֆ, թե փախստականի կարգավիճակ ենք ուզում ստանալ, որ երկրից գնանք: Ես ուզում եմ ասել, որ, եթե մարդկանց մտքում լիներ գնալը, առաց էդ կարգավիճակի կգնայինք: Մենք փախստականի կարգավիճակ ենք պահանջում, որ միջազգային կառույցները կարողանան մարդասիրական օգնություն ցուցաբերեն մեր փախստականներին»,- հավելեց Աշոտ Հարությունյանը:

 Հայաստանում ապաստանած արցախցիների պահանջներից մյուսը իրենց իրենց բնակարանային հարցերն են, ինչպես նաև այլ սոցիալական աջակցություն հատկացումը:

 «Մենք չենք պատրաստվում սաղ կյանքը նստենք էստեղ, տեսնենք, թե մեզ ինչ աջակցություն են տրամադրում: Թող մեզ հնարավորություններ տան, վարկեր տրամադրեն, որ գյուղատնտեսական աշխատանքներ կատարենք: Մենք չգիտենք կոնկրետ ով ենք, որ երկրի քաղաքացի ենք»,- նշեց բողաքի ակցիայի մեկ այլ մասնակից:

Արցախցիներին հուզում է նաև Արցախի Հանրապետության անվտանգային հարցերը: Մասնավորապես՝ նրանք կոչ էին անում Արցախի Հանրապետության նախագահին՝ Արայիկ Հարությունյանին, դիմելու արտակարգ քայլերի, որ ադրբեջանցիների ելումուտը  դեպի Արցախ խիստ վերահսկվի:

«Թող պահանջեն, որ Քարին Տակ գյուղից դեպի Շուշի գնացող ճանապարհին դրվի ռուսական անցագրային կետ և վերահսկվի զինամթերքի տեղափոխությունը ադրբեջանական զորքերի կողմից: Մեր ունեցած տվյալներով Շուշիում կա 300-ի չափ հասնող թուրքական հատուկ նշանակության զորք»,-եզրափակեց Աշոտ Հարությունյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest