–Մա՛մ, էս էն պատերազմը չի, որ պապան էր գնացել․ օդային ա սաղ, կարկուտներ են, ահավոր վիճակ ա։

 Հարություն Անդրիասյանի հայրն էլ է մասնակցել պատերազմին 1991-92 թվականներին։

Հարությունը

Հարութս շատ ակտիվ, աշխատասեր, հարգանքով էրեխա էր, ես շատ էի հպարտանում իրենով։ Մինչև պատերազմը հող էր մշակում։  30 տարեկան էր, որոշել էինք էս տարի ամուսնացնել։

Պատերազմն սկսվեց

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10-ի կողմերն էր, որ հայտնեցին՝ պատերազմ ա սկսվել։ Ես խաղողաքաղի էի, մինչև եկա, Հարությունն արդեն գնացել էր։ Էջմիածնում էին հավաքվել, երկու օր էդտեղ մնացին, հետո տեղափոխեցին Ջաբրայիլ։ 15 օր էնտեղ անցկացրին, որ հետ էր եկել, ասում էր՝ «ահավոր վիճակ ա»։ Զգում էի՝ գույնը էն չէր, բայց ինձ չէր պատմում, թե ինչ ա եղել, ու տենց էլ ոչ մեկի չպատմեց։

Նոյեմբերի 9-ին, որ արդեն խաղաղվել էր, համաձայնագիր էր կնքվել, ասեց․

–Մամ, գնամ, մի 15 օր փոխարինեմ էդ էրեխեքին․ իրանք էլ մայր ունեն։

Ճիշտն ասած՝ արդեն էդ ժամանակ ես էլ էի համաձայն, որ գնար։ Իրանց տարան նոյեմբերի 26-ին այս անգամ Հադրութ, Հին Թաղեր–Խծաբերդ, բայց ասել էին, որ տանում են Քաշաթաղ, Լաչին ռուս խաղաղապահների մոտ։ Հին Թաղերից էլ ինչքան որ զանգել ա, ասել ա՝ «շատ լավ կլինի, մամա ջան, մի մտածի, խաղաղություն ա»։  Մի անգամ էլ ասեց՝ «որ եկանք, խաշ ես դնելու, տղերքով ուտենք»։

Վերջին անգամ Հարութիս հետ խոսել ենք դեկտեմբերի 11-ին, հենց էդ օրը իրանք պիտի իջնեին, բայց փոխարինող չկար։ Էդ ժամանակ իրանք արդեն գիտեին, որ շրջափակման մեջ են։

–Մամ, երկու կմ իջել ենք, «դվիժոկով» միացրել ենք բոլոր հեռախոսները, բոլորին զանգում ենք։

Տրամադրությունը շատ լավ էր։ Ասեց, որ 12-ին անպայման գալու են, ու ես իր գալուն էի սպասում։ Բայց հենց նույն օրը երեկոյան հարձակվում են իրենց վրա, բոլորը փախնում են, մնում են 9-ով։ Իրանք էլ բաժանվում են երկու մասի, ու էդպես մարտը վարում են։

Ամբողջ գիշեր կռիվ են տալիս մինչև 12-ի կեսօրը, հետո արդեն զենքերը վերջանում են, իրանք էլ 9-ով զոհվում են, բայց ահագին զոհ են տալիս, մենամարտի մեջ են մտնում։

Ինչի՞ համար

Մտածում եմ՝ ինչի՞ համար տարան, ովքե՞ր տարան, եթե էդ դիրքերը մերը չէր, եթե Հադրութը տված էր, ո՞նց տարան․ սա հարցական ա մնում իմ համար։

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest