Պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մասունքների նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է. ներկայումս հետազոտման փուլում որևէ փորձանմուշ չկա, ասել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետք է ասեմ, որ մենք ունեինք շատ դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին և շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնել: Մենք 100-ից ավել մասունքներ ուղարկեցինք Նիդերլանդներ, ստացանք դրանց արդյունքները և այդ փուլը ավարտեցինք: Այս պահին կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք և ներկայումս հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ, ցավոք սրտի, դեռ ունեն դեպքեր, երբ մի քանի անգամ իրականացվել է նույնականացում և հավելյալ հետազոտություն, բայց հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու:
«Մենք պատկերացնում և հասկանում ենք, որ սա շատ ցավոտ դժվար գործընթաց է, և քնչական կոմիտեն և մյուս պատկան մարմինները զբաղվում են, որ այս գործընթացը ևս հնարավորինս արագ ավարտին բերենք»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով աճյունների պահպանման վայրերի հարցին՝ Ավանեսյանը ասաց, որ 2021 թվականի ընթացքում արդեն ավարտել են բոլոր դատաբժշկական կենտրոնների և դիահերձարանների վերանորոգման աշխատանքները Մեծամորում, Մարտունիում, Աբովյանում, և այս պահին կարելի է ասել գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափանիշներին: Դրանք վերանորոգված, կահավորված և ապահովված են սառնարանային ամբողջական համապատասխան գույքով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: