«Սա կանխամտածված սպանություն է պետության վերահսկողության տակ կատարված». սպանված Հարոյանի մայրը դեռ արդարության է սպասում

217

Երեք տարի առաջ Արցախի Մարտունի-2 զորամասում  սպանվեց հրաձիգ, շարքային Գևորգ Հարոյանը: Ակնհայտ սպանությունը քննիչները գործը հարուցելու պահից մինչև նախաքննության ավարտն ազզադարարելը ներկայացրել են որպես ինքնասպանություն:

Ըստ պաշտոնական վարկածի, 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 10:50 –ի սահմաններում զինանոցում մաքրության աշխատանքներ կատարելու ընթացքում շարքային, ժամկետային զինծառաող Հարոյանը իր ծառայակցին  ամրակցված ԱԿ-74 ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ կողմին, տեղափոխվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ նույն օրը մահացել է:

Թեև գործում կա փորձաքննական եզրակացություն, որի համաձայն ինքնաձիգի ձգանի վրա հայտնաբերվել են երկու անձանց ԴՆԹ հետքեր, որոնցից և ոչ մեկը չի պատկանել Գ.Հարոյանին, գործը երեք տարի շարունակ քննել են ինքնասպանության վարկածով:

Մեկ այլ փորձագետի՝ դատաբժիշկ Մելքոնյանի եզրակացությամբ, Հարոյանը մահից րոպեներ առաջ դաժան ծեծի է ենթարկվել, իսկ կրակոցի պահին  նրա կողքին են եղել ևս 4 զինծառայողներ:

Ծեծի, խոշտանգումների ու նվաստացման փաստերի մասին բարձրաձայնել են նաև Հարոյանի հարազատները: Մայրը՝ Արմինե Բեգլարյանը, պատմել էր Forrights.am-ին, որ վաշտի հրամանատար Լուկաշ Պետրոսյանը նսեմացնում էր իր որդուն զինվորների առաջ. «Հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու մեջ ասում էր՝ նստի, վեր կաց, նստի, վեր կաց, չէր թողնում հաց ուտի տղես»:

Այսօր էլ մայրը վստահ է. որդուն սպանել են, որովհետև նա շատ բան է տեսել զորամասում: «Ոնց կարող է մարդը ժամը տասին զանգի տուն, ասի, որ տուն է գալու, ասի, թե ինչ ուտելիքներ պատրաստեմ իր համար ու մի 10 րոպեից ինքնասպա՞ն լինի: Նման բան հնարավո՞ր է: Ես հaաոզված եմ, որ սա կանխամտածված սպնություն է, պետության հսկողության տակ կատարված», — ասում է Արմինե Բեգլարյանը:

Սա այն գործերից է, որով սևազգեստ ծնողների հետ հանդիպելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջեց օբյեկտիվ ու խորացված քննություն կատարել, նոր քննչական գործողություններ իրականացվեցին, մասնավորապես, ԴՆԹ փորձաքննություններ:

«Ոչինչ չփոխվեց: Վարչապետի ասելուց հետո ստից ակտիվացան, իբր, գործ են անում, բազմաթիվ քննիչներ փոխվեցին, բայց արդյունքում նույն ինքնասպանության վարկածը մնաց ու ոչ մի քննիչ չուզեց բացահայտի որդուս սպանությունը: Իհարկե, վարչապետի որդին Բալուջայի հանգիստ, փոքրիկ զորամասում որ ծառայում էր, այնտեղ, անընդհատ Պն մեքենա էին կանգնացնում, որ հանկարծ մի բան չլինի: Իսկ մեր երեխեքը անտեր էին: Դե թող իմ տղային էլ տանեյին Բալուջա, ինչու էդ խուժան տեղը տարան: Հիմա էդ զորամասը չկա: Թուրքերի ձեռքում է: Ու հետո, իմ տղան ո՞նց էր կարող ուղիղ ինքն իր սրտին կրակեր, ու ոչ մի հետք չմնար զենքի վրա, իրենք են սպանել», — անուժ գանգատվում է մայրը:

Դատը նշանակված էր ամսի 27-ին, մեզ ծանուցումը եկավ փետրվարի 5-ին, հիմա նշանակել են հաջորդը մարտ ամսին:

«Բացառելով սպանության վարկածը, կարծում եմ՝ քննիչները այս  գործով կանխակալ մոտեցում են ցուցաբերել: Ըստ էության չի իրականացվել գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն», — ասում է փաստաբան Մոնիկա Մարգարյանը, որը նախաքննության ընթացքում ներկայացնում էր Հարոյանի շահերը:

Նա նշում  է նաև քննիչների կողմից չգնահատված ապացույցը՝ Հարոյանի մարմնի վրա առկա են շուրջ քսան մարմնական վնասվածքներ, որոնք զոհված տղան ստացել է տարբեր ժամանակահատվածներում՝ մահից յոթ և ավելի օր առաջ, երեք օր մահվանից առաջ, ապա նաև մահվանից վայրկյաններ, կամ մեկ-երկու րոպե առաջ:

«Սա բացառում է նրա կողմից ինքնսպանություն գործելը և ավելի հիմնավոր դարձնում սպանության վարկածը, այսինքն այն, որ սպանությունից անմիջապես առաջ զինծառայողը ենթարկվել է բռնությունների: Նրա մահվան հանգամանքների քննությունը եղել է բացարձակապես անարդյունավետ: Իսկ մեր միջնորդությունը շարունակելու նախաքննությունը, գործը քննել սպանության վարկածով չեն բավարարվել», — ասում է փաստաբանը: 

Այսօր Գևորգ Հարոյանի գործը՝ կիսատ-պռատ, թերի քննված, կեղծ վարկածով, դատարանում է, Ստեփանակերտի դատարանում: Առաջին նիստը նշանակված է եղել հունվարի 27-ին, բայց ծանուցումը Արմինե Բեգլարյանին է հասել միայն փետրվար ամսին: Հաջորդը նշանակված է մարտին: Արմինեն լավատես չէ, սակայն դեռ սպասում է արդարության: Նա շեշտեց մեզ հետ զրույցում, որ սկզբում մեղադրյալները 6 հոգի էին, «հետո կամաց արանքից հանեցին երկու հոգու, մնացին չորսը»:

Ամբաստանյալի աթոռին կրտսեր սերժանտ Մ.Չախախլյանն է, կաապիտան Լուկաշ Պետրոսյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Սարգսյանն ու Դավիթ Կարապետյանը: Գնդապետ Մ.Բադալյանի մեղադրանքը՝ պետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածով և ևս մի  պարտադիր ժամկետային զինծառայողի մեղադրանք կարճել են:

Մեղադրական եզրկացության մեջ նկարագրված են հայկական բանակում տիրող խուլիգանական բարքերը: Ըստ որի, ջոկի հրամանատար Մկրտիչ Չախախլյանը հարվածել է Հարոյանի ճակատին: Նա վիճել է Հարոյանի հետ մահճակալին պառկելու համար, հայհոյել է ու ծեծել է նրան, ոտքերով ու ձեռքերով դեմքին հարվածներ է հասցրել:

Հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան  Լուկաշ Պետրոսյանը ծեծի է ենթարկել Գևորգին, որովհետև չի  կարողացել նրան  գտնել: Նա նաև «համազգեստից բռնելով քաշել և գցել է աշխատասենյակում առկա բազմոցին, ապա նույն պատճառով կրկին ծեծի է ենթարկել նրան՝ երեքից չորս անգամ ապտակներ է հասցրել Գ.Հարոյանի դեմքին»: Լուկաշ Պետրոսյանը, ըստ գործի նյութերի,  սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Գ.Հարոյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրան այն բանի համար, որ նա, իբր՝ <<ներքին խոհանոցը դուրս է հանել>>: 

Դասակի հրամանատար, կապիտան Դավիթ Կարապետյանը ևս ծեծի է ենթարկել Հարոյանին այն բանի համար, որ մեջքի շրջանում ցավեր ունենալու պատճառաբանությամբ նույն վերակարգից ազատել է Գ.Հարոյանին և հանձնարարել է գնալ գումարտակի զորանոց, սակայն վերջինս գումարտակի մասնաշենք չի ներկայացել: Ավելի ուշ Հարոյանին հանդիպելով, նա մեկ անգամ ապտակել է դեմքին, այնուհետև բռնելով Գ.Հարոյանի համազգեստից քաշքշել է, ապա չորսից հինգ անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա աչքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք՝ կապտուկի տեսքով:

Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Դավիթ Սարգսյանն էլ ոտքով հարվածել Հարոյանի ոտքին: Որքան էլ սարսափելի են քննիչների կողմից նկարագրված ծեծուջարդի տեսարանները, առողջ տրամաբանությունը հուշում է, որ դրանք չեն կարող ինքնասպանության պատճառ դառնալ, մանավանդ զինվորի  համար, որը հաջորդ օրը պատրաստվում էր արձակուրդի մեկնել տուն:

Սյուզան Սիմոնյան