Պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մասունքների  նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է. ներկայումս հետազոտման փուլում որևէ փորձանմուշ չկա, ասել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պետք է ասեմ, որ մենք ունեինք շատ դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին և շատ դժվար էր դրանցից  ԴՆԹ առանձնացնել: Մենք 100-ից ավել մասունքներ ուղարկեցինք Նիդերլանդներ, ստացանք դրանց արդյունքները և այդ փուլը ավարտեցինք: Այս պահին կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք և ներկայումս հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ, ցավոք սրտի, դեռ ունեն դեպքեր, երբ մի քանի անգամ իրականացվել է նույնականացում և հավելյալ հետազոտություն, բայց հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և  հուղարկավորելու:

«Մենք պատկերացնում և հասկանում ենք, որ սա շատ ցավոտ դժվար գործընթաց է, և քնչական կոմիտեն և մյուս պատկան մարմինները զբաղվում են, որ այս գործընթացը ևս հնարավորինս արագ ավարտին բերենք»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով աճյունների պահպանման վայրերի հարցին՝  Ավանեսյանը ասաց, որ 2021 թվականի ընթացքում արդեն ավարտել են  բոլոր դատաբժշկական կենտրոնների և դիահերձարանների վերանորոգման աշխատանքները  Մեծամորում, Մարտունիում, Աբովյանում, և այս պահին կարելի է ասել գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափանիշներին: Դրանք վերանորոգված,  կահավորված  և ապահովված են սառնարանային ամբողջական համապատասխան գույքով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest