Ռաֆայել Խաչատրյանը 44- օրյա պատերազմի մեկնարկին ընդամենը 12-օրվա զինծառայող էր: Անտեսելով այդ հանգամանքը, հրամանատրության որոշմամբ նա  սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Հադրութ: Նորակոչիկը անցել է ամբողջ պատերազմը, մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի, մահացել է նոյեմբերի 25—ին` հիվանդանոցում:

Ռաֆայելի մայրը` Վարդուհի Բաղդասարյանը պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրվանից որդին  զանգահարել է ծնողներին, ասել, որ ինքը ապահով տեղում է, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում: Ու այդպես 44 օր: Պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 9-ին ծնողները լուր են ստացել, որ որդին վիրավոր է, տեղափոխվել է Երեւան եւ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Միայն որդուն հանդիպելուց հետո է պարզվել, որ նա ոչ թե ապահով տեղում է եղել, այլ բազմաթիվ վտանգավոր ու թեժ կետերում:

«Պատերազմի վերջին օրը իր հոր ծննդյան օրն էր: Առավոտ շուտ զանգեց: Ժամը ութն էր: Ասացի` Ռաֆուլ ջան, զգույշ կլինեք: Շատ անհանգիստ էի: Ասեց` մամմ, ամեն ինչ նորմալ է, այնքան սիրուն է այստեղ, օրը պարզ, մաքուր, կապույտ երկինքը այնքան սիրուն է… ամեն ինչ այնքան սիրուն է երեւում: Ու ցերեկը ինքը վիրավորվում է: Նրան բերում են Երեւան: Մենք իրան տեսնում ենք, իր գիտակցությունը տեղն էր: Ոտքերը չէր զգում, գոտկատեղից ներքեւ: Բայց մենք չէինք մտածում այդ մասին: Ասում էինք` ոչինչ, մենք ամեն ինչ կանենք, որ ինքը ոտքի կանգնի: Այնքան էր ուրախացել, երբ մեզ տեսավ: Հորն էլ ասեց. «Պապ տեսա՞ր ծնունդիդ ինչ նվեր արեցի, ծնունդիդ եկա», — հիշում է զինվորի մայրը:

Այնուհետեւ Ռաֆայելը վիրահատության է ենթարկվել, ողնաշարից հեռացվել են բեկորները: Մոր խոսքով, ամեն ինչ բարեհաջող է անցել, սակայն այլ խնդիր է առաջացել. «Վիրահատությունը շատ լավ էր անցել, բայց հետո գլխացավեր սկսվեցին: Մի օր ասեց` մամ, այստեղ շատ եմ ձանձրանում, գոնե գիրք բեր, որ կարդամ… երբ այդ օրը տարանք գիրքը, արդեն վատ էր, կոմայի մեջ էր: Բեկորների պատճառով գլխի մինինգիտ էր սկսվել ու նա ընկավ կոմայի մեջ… ու էլ չզարթնեց»:

«Ժամանակը անցնում է, բայց ավելի է խորանում, որովհետեւ կարոտը խեղդում է: Հա, կողքի մարդիկ երեւի տեսնում են, որ դու ապրում ես, ժպտում ես, կամ ինչ-ճոր տեղ գնում ես, բայց դա իրանք են այդպես տեսնում: Քո մեջ ոչ մի կյանք էլ չի մնում, ոնց որ քո կյանքն էլ իր հետ թաղված լինի»,- զոհված զինվորի մայրը:

Ռաֆայել Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: Երբ ամիսներ առաջ ՊՆ ներկայացուցիչները կապվել են զինվորի ծնողների հետ եւ ցանկություն հայտնել այցելել նրանց տուն, Ռաֆայելի հայրը` Էդուարդը նրանց արգելել է դա անել ու ասել է. «Որտե՞ղ էինք դուք, երբ իմ որդին կռվում էր»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest