Փոխգնդապետ Ռոլանդ Ներսիսյանի մայրը՝ տիկին Հերիքնազը միշտ հպարտ է եղել, որ այդչափ հայրենասեր զավակ է դաստիարակել, բայց 44-օրյա պատերազմը փոխեց հպարտության կերպը։ Հիմա ցավոտ հպարտություն է մնացել ու որդու կարոտը․․․
Տիկին Հերիքնազն ասում է՝ ընտանիքով Ռուսաստանում էին ապրում, բայց երեխաների դպրոցահասակ դառնալու ժամանակ որոշեցին գալ Հայաստան, որպեսզի նրանք հայկական միջավայրում դաստիարակվեն, հայրենիքում ապրեն։ Ամուսինները երեք զավակներին էլ հայրենասեր են դաստիարակել, բայց ավագ որդին՝ Ռոլանդը, որին մտերիմները Ռոման էին անվանում, առանձնակի սիրով էր հայրենիքն ու զինվորական գործը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնեց Մոսկվա, զինվորական բարձրագույն կրթություն ստացավ, ապա վերադարձավ հայրենիք և ծառայության անցավ Արցախի ՊԲ-ում, այնուհետև Հայաստանում գտնվող որոշ զորամասերում։
«Գրեթե 20 տարի է որդիս սպայական ծառայություն է իրականացրել։ Վերջին շրջանում նա Մարտակերտում էր ծառայություն իրականացնում, սակայն պատերազմի սկսվելու օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, նա Երևանում՝ հայրական տանն էր, քանի որ 4 օրով արձակուրդ էր եկել։ Հիշում եմ՝ վաղ առավոտյան զանգ ստացավ, արագորեն դուրս եկավ տանից։ Այդ օրը վերջին անգամ գրկեցի որդուս․ նա չասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել, մենք հետո իմացանք», — հիշում է տիկին Հերիքնազը։
Նա պատերազմի ընթացքում ամեն օր եկեղեցի է գնացել, աղոթել է, որ իր որդին ու մյուսները տուն վերադառնան։ Որդու զոհվելուց հետո էլ նրա աղոթքները չեն դադարել․
«Պատերազմի օրերին որդիս զանգել էր ինձ, ասաց․ «Մա՛մ, խոստացի՛ր, որ ինչ էլ լինի, ուժեղ կլինես․ դու չպետք է լաց լինես»։ Ասացի Ռոմա՛ն ջան, շատ եմ վախենում, զգո՛ւյշ եղիր, հանկարծ գերի չընկնեք, ասաց․ «մա՛մ, դու հավատո՞ւմ ես, որ ես գերի կընկնեմ», ասացի՝ իհարկե, ո՛չ, բայց զգույշ եղե՛ք», — հիշում է տիկին Հերիքնազը։
Փոխգնդապետ Ռոլանդ Ներսիսյանը կռվել է Մատաղիսում, Եղնիկներում, Մարտակերտում, Հադրութում։ Նա ռազմական գործի գիտակ էր, և շատ հոգատար էր զինվորների նկատմամբ։ Նրա մարտական ընկերները տիկին Հերիքնազին պատմել են՝ Ռոլանդը մի կողմից զինտեխնիկայի հարվածների կոորդինատներն էր հաշվարկում ու կրակում, մյուս կողմից՝ թեև վերևից կրակ էր թափվում, վտանգավոր պայմաններում վազում զինվորիների մոտ, որ նրանց ոգևորի, ուղղություն ցույց տա:
«Տղաները պատմում են՝ Ռոմանս մոլորված զինվորների է գտել ու տարել դեպի մեր դիրքերը, վիրավորների է տեղափոխել։ Սրտից արյուն էր գնում, երբ տեսնում էր իր զինվորները զոհվել են կամ վիրավորում ունեն։ Նա ուժեղ ու կամային, ի վերջո 2 տասնամյակ կոփվել էր զինվորական գործի մեջ, բայց նաև զգայուն էր։ Ռոլանդը զոհվել է հոկտեբերի 30-ին թշնամու ԱԹՍ-ի հասցրած հարվածից։ Փառք տղաներին, արդեն նոյեմբերի 1-ին կարողացել էին որդուս մարմինը տեղափոխել Երևան», — ցավով հիշում է փոխգնդապետի մայրը։
Նա ասում է՝ որդին կյանքում ամենից շատ հայրենիքն էր սիրում, կյանքն էլ տվեց հանուն հայրենիքի, բայց, ցավոք, Ռոլանդի ու նրա պես տղաների սխրանքներն ըստ արժանվույն չեն գնահատվում։
Ռոլանդ Ներսիսյանը երկու երեխա ունի․ դուստրը 11 տարեկան է, տղան՝ 7։ Ռոլանդը տարիներ շարունակ աշխատել է, բայց դեռևս իր սեփական տունը չուներ:
«Բավական երկար ժամանակ ասում էին՝ բնակարան կտրամադրեն, դա էլ չարեցին։ Դեռ նյութականը մի կողմ, հոգեպես էլ մեզ մենակ ենք զգում, անտեսված։ Պատկան մարմինների ներկայացուցիչները մի օր չեկան՝ մեզ հետ զրուցեին, ասեին՝ շնորհակալ ենք, որ նման որդի եք դաստիարակել․․․ Երանի իմանային՝ որքան էր սիրում իր հայրենիքը, իր աշխատանքն ու զինվորներին, երանի հասկանային ու գնահատեին նրա սխրանքը․․․», — եզրափակում է տիկին Հերիքնազը։
Հասմիկ Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: