Ազգային ժողովում ձևավորվել է 44-օրյա ավերիչ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը և գումարվել է  առաջին նիստը: Իշխնությունները հայտարարել են, որ ցանկանում են պարզել ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պարտության քաղաքական ու ռազմական պատճառները, զինվորական ղեկավար մարմինների ընդունած որոշումների օպերատիվությունը, դրանց համարժեքությունը ստեղծված ռազմական իրավիճակին, պատերազմի ընթացքում սպառազինությանն առնչվող խնդիրները։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշում է՝ հանձնաողովի ստեղծման նպատակ չունի անաչառ և բազմակողմանի փաստերի հավաքագրում և վերլուծություն իրականացնել: «Նպատակն է արդարացնել իշխող ուժի գործողությունները, վարչապետի ընդունած որոշումները՝ մինչև պատերազմի ժամանակ, պատերազմի ընթացքում և հրադադար կնքելու  ժամանակ, ինչպես նաև պատասխանատվությունն իշխող ուժի վրայից դուրս բերել ու բարդել այլ գործիչների վրա»,-ասում է քաղաքագետը:

Քննիչ հանձնաժողովի նախագահը լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է, որ հարցաքննության է հրավիրվելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրիաս Ղուկասյանը սա ձևական բնույթ կրող գործողություն է համարում:

«Դա անհրաժեշտ գործընթաց է, որ տան համապատասխան հարցեր և ստանան նախապես պատրաստված պատասխաններ: Բոլոր մարդիկ պետք է հարցաքննվեն հանձնաժողովի կողմից և հանձնաժողովը գա եզրակացության, որ իշխող ուժի գործողությունների մեջ որևէ թերություն չկա: Եթե համեմատենք քայլերն Ուկրանիայի ղեկավարության հետ, թե ինչպես պետք է խուսափել պատերազմից. գործածվեց ԵԱՀԿ մեխանիզմը՝ 48 ժամվա դադարը, գործածվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի քննարկումը, ակտիվ ներգրավված էր միջազգային հանրությունը: Երևում էր, որ պաշտոնական Կիևը պատերազմից խուսափելու համար բոլոր քայլերը օգտագործում է: ՀՀ վարչապետը ինչ քայլեր է ձեռնարկել պատերազմից խուսափելու համար, կարող ենք որևէ քայլ մատնացույց անել, ո՛չ: Ակնհայտ է, որ վարչապետը թերացել է պատերազմը կանխելու փուլում»,- նշում է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանը շեշտում է, որ պատերազմական փուլին առնչվող  բազմաթիվ հարցեր կան, որոնք հանձնաժողովն անգամ համարձակություն չի ունենա բարձրաձայնել:

«Այդ հարցերն առնչվում են նրան, թե ՀՀ ԱԺ-ն ինչպես էր գործում պատերազմի ժամանակ, խորհրդարանի իրավասության մեջ էր՝ որոշում կայացնել ՀՀ-ն մասնակցու՞մ է, պատերազմի, թե՝ ոչ: Այս հարցերն անորոշ են: Հայաստանը մասնակցե՞լ է պատերազմին՝ դեյուրե: Հայաստանի զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս օգտագործելու համար հարկավոր է Ազգային ժողովի որոշումը: Այսօրվա իշխանությունը հայտարարում է, որ ՀՀ սահմանները խորհրդային Հայաստանի սահմաններ են, հետևաբար ԱԺ-ն ըստ այս տրամաբանության պետք է որոշում կայացներ, որ ՀՀ ԶՈՒ-ն կիրառվում է Հայաստանի տարածքից դուրս: Այդպիսի բան եղե՞լ է, չի եղել»,- ասում է քաղաքագետը և հավելում, որ որևէ բացահայտման սպասել պետք չէ:

«Բացահայտումներ չեն լինի, եթե լինեն մեր հասարակությունը սարսափից չի կարող հանգիստ քնի: Օրինակ կբացահայտվի լրջագույն անպատասխանատվությունը, թե պետության, թե ժողովրդի նկատմամբ, թե զինվորների նկատմամբ: Կբացահայտվի, որ մեր ղեկավարությունը մեր ժողովրդի մասին չի մտածում»,-եզրափակեց նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest