2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին, ադրբեջանական կողմին հանձնվեց Հադրութի շրջանից մնացած երկու գյուղերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը: Այդ օրը նշված հայտվածից  գերեվարվել էր Շիրակից դիրքերը պաշտպանելու մեկնած 62 կամավորական: Այս դիրքերը կորցնելու և գերության մեջ հայտնվելու մասին իրարամերժ տեղեկություններ կան:

forrights.am-ը զրուցել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքներից գերեվարված և հայրենադարձված Մելս Ամբարդարյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հրամանատարից հեռախոսի միջոցով հրաման են ստացել դիրքերրից իջնել:

«2020 թվականի դեկտեմբերի 13-ին հեռախոսազանգի միջոցով հրաման ենք ստանում, որ վերցնում ենք հնարավոր բոլոր անհրաժեշտ պարագաները և գնում ենք «Կունգ» կոչվող ավտոճանապարհահատված, որտեղից բաժանվում էր սնունդը: Հրամանատարի խոսքով այնտեղ մեզ սպասում էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք մեզ տանելու էին գումարտակ, հետո գնալու էինք տուն»,- ասում է Մելս Ամբարդարյանը և ներկայացնում գերևարվելու իր պատմությունը:

«Այդ հրամանը ստանալուց հետո գնում ենք հրամանատարի ասած ճանապարհով: Մեծ դժվարությամբ ենք հասնում նշված վայր, քանի որ մեզ հետ կային հիվանդ զինծառայողներ: Հասնելով հրամանատարի նշած տեղանքը հայտնվում ենք ադրբեջանական շրջափակման մեջ: Հրամանատարի նշված տեղը նույնպես Խծաբերդում էր: Հրամանատարը մեզ ասել էր, եթե հանդիպեք ադրբեջանական զինծառայողների, ապա նրանք լինելու են ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ: Հրամանատարը մեզ ասել էր, որ նման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է զանգահարենք իրեն, ինքը գալու է և հարցերը կարգավորելու է:

Շրջափակման մեջ հայտնվելուց հետո փորձում ենք կապ հաստատել հրամանատարի հետ, բայց կապ չկար՝ ոչ հեռախոսային, ոչ ռադիոկապ:

Հրամանատարը իր նշած տեղում չէր, միայն ադրբեջանական զինծառայողներն էին, փորձում էինք բանակցություններ սկսել: Ադդրբեջանական զինվորները մեզ ասում են, որ շուտով գալու են ռուս խաղաղապահները և մեզ դուրս են հանելու այս տարածքից: Որոշակի ժամանակ սպասում ենք, բայց ոչ ոք չի գալիս: Հետո մեզ ասում են, որ գալու են իրենց (ադրբեջանցի զինծառայողների, հեղ.)  մոտից տանեն, որպեսզի մեր տարածք զենքերով չմտնենք, պետք է զենքերը թողնեք և նոր մոտենաք մեզ: Նաև ասացին, որ հետո մեր զենքերը խաղաղապահները կհանձնեն մեզ: Այդ պայմանով մոտենում ենք իրենց, խաղաղապահների՝ մեզ դուրս հանելու փոխարեն մեզ ուղեկցում են մինչև Ադրբեջան»,-ասում է նախկին ռազմագերին:

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են գտնվում, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել: 2021 թվականին փաստաբան Վահան Հովհաննդիայնը հրապապարակեց այս զինծառայողներից մի քանիսի ցուցմունքը՝ շեշտադրմամբ, որ վեց տանսյակ հայ զինծառայող գերի է ընկել մեկ տասնյակից էլ քիչ ադրբեջանցիների:

Մելս Ամբարդարյանը, սակայն, հակառակն է պնդում: Նա վստահեցնում է, որ տարածքում ադրբեջանցի զինծառայողների թիվը շատ է եղել:

«Այդտեղ գումարտակի կազմից ավելի ադրբեջանցիներ կային, իրենք մեզ հետևում էին նաև լեռնային հատվածներից, երևում էր իրենց լույսերը: Իրենք արդեն նստել էին այն դիրքերում որտեղից մեր մոբիլիզացիոն զորքերը դուրս էին եկել, մենք հայտնվել էինք ուղիղ նշանառության տակ: Իրենք գումարտակից ավել էին, որը կազմված է 200-500 զինծառայողից: Մենք 62 շիրակցիներով էինք:

Այդ ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, այտեղից ընտրովի հատվածներ են հրապարակվել: Ցուցմունքի մեջ մի քանի ադրբեջանցու ներկա լինելը նշվել է այն պարագայում, երբ մոտեցել ենք ադրբեջանցիներին իրենցից հինգ-վեց հոգի խուզարկել է մեզնից յուրաքանչյուրին ու ուղեկցել են»,- ասում է նա և շեշտում, որ հրաման են ունեցել ադրբեջանցիներին հանդիպելու դեպքում նախահարձակ չլինել:

«Հրամանատարի հետ խոսել էինք գերևարումից ժամեր առաջ, երբ ասում էր՝ իջեք: Դրանից հետո հնարավոր չի եղել իր և մյուս սպայական կազմի հետ կապի դուրս գալ: Իրենք մեզ հաճախականություն էին տվել, բայց կապ հաստատել չէր լինում: Ռուս զինծառայողներ էլ չկային: Մեզ հրաման էին տվել, որ ադրբեջանցի ծառայողներին հանդիպելու պարագայում առաջինը մենք չենք կրակում, քանի որ մենք չենք ուզում սադրանքեր, պետք է նրանցից հեռու կանգնենք և կապնվենք հրամանատարության հետ»,- ասաց նա:

Մելս Ամբարդարյանի խոսքերից ենթադրելի է դառնում, որ այդ դիրքերը Ադրբեջանցիներին հանձնելու մտադրություն է եղել, քանի որ հրաման են ստացել դիրքերից իջնելու մասին, բայց նրանց որևէ մեկը չի եկել փոխարինելու:

«Դիրքերում փոխարինողներ չեն եկել ու փորձել ենք իմանալ… իմ կարծիքով տվյալ տարածքը հանձնվելու էր, հանձնել են իշխանությունները: Մեզ չեն ասել դուրս արեք, որ հանձնելու ենք, չեն էլ ասել՝ դուրս արեք հերթափոխը ճանապարհին է, մեզ ասել են՝ դուրս արեք, գնում ենք տուն: Հարց առաջացավ, թե ով է պահելու այս դիրքերը, բայց դրանք որոշեցինք իջնել և գումարտակի հրամանատարին ուղղել: Հրամանատարը եղել է Նոր Թաղեր-Խծաբերդի տարածքի այլ դիրքերում, որը այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշեց նա:

Ի դեպ, անհայտ է, թե հրամանատարը, որը կալանավորված է և անցնում է քրեական գործով, ինչպես է կարողացել այլ զինծառայողների հետ տարածքից հեռանալ և չհայտնվել գերության մեջ:

Մելս Ամբարդարյաին Բաքվում  դատապարտվել են վեց տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և առանց փաստաթղթերի սահմանը հախտելու համար: Նա այնտեղ մնացել է տասը ամիս: Նախկին ռազմագերին Բաքվում անցկացրած օրերի մասին առայժմ չի ցանկանում խոսել:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest