ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ։Օմբուդսմանը հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությանը, որը, ըստ Արման Թաթոյանի, ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:Նա նշել է, որ այդ քաղաքականությունը ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից:Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը:«Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու: Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ»,- մանրամասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:Նա նշել է, որ վերջերս հրապարակած զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ:Արման Թաթոյանը հավելել է, որ ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:«Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար: Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ»,- հավելել է Հայաստանի Օմբուդսմանը:Նա շնորհակալություն է հայտնել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետին պատերազմի ընթացքում և հետո մասնագիտական անփոխարինելի աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: