Դատավոր Արսեն Նիկողոսյանը բեկանեց վաղաժամկետ ազատման որոշումը և 3 անչափահաս երեխաների հորը կրկին բանտ ուղարկեց

257

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ որոշեց բավարարել դատախազության միջնորդությունը և բեկանել Առաջին ատյանի այն որոշումը, որով դատապարտյալ Սերգեյ Աբրահամյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել, փոխվել էր նրա խափանման միջոցը։

 Վերաքննիչ դատարանում Աբրահամյանը պատմեց, որ քրեակատարողական հիմնարկում անցկացրած 5 տարիների ընթացքում դրսևորել է պատշաճ վարք, այցելել է բոլոր դասընթացներին, վերանորոգել է 2 խուց  և արել է հնարավոր ամեն բան վաղաժամկետ ազատվելու  և ընտանիքի՝ 3 անչափահաս երեխաների կողքին գտնվելու, նրանց հոգսերը հոգալու համարը։ Դատապարտյալը պատմեց, որ  բանտից դուրս գալուց հետո անմիջապես աշխատանքի է անցել:

Աբրահամյանը նաև պատմեց, որ իր բանտից ազատվելուց մեկ ամիս հետո՝ դեկտեմբերին ծնվել է իր երրորդ երեխան և հոգսերը շատ են։ Նա հայտարարեց և պնդեց, որ զղջում է  նախկինում կատարած իր քայլերի համար։ Աբրահամյանը բանտում անցկացրել է ավելի քան 5 տարիներ:

Սերգեյ Աբրահամյանը դատապարտվել է ծեծի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ խուլիգանական դրդումներով մեղադրանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին։ Որպես պատիժ նշանակվել է 7 տարի ազատազրկումը, որից 5 տարին նա անցկացրել է  բանտում:

 «Այս մի քանի ամսում, ինչ ես ազատության մեջ եմ, պարտաճանաչ ներկայացել եմ իրավապահ մարմիններին, թաղայինը այցելել է մեր բնակարան։ Ունեմ նաև դրական բնութագրեր։ Առաջին ատյանի դատարանը հաշվի առավ նաև այն հանգամանքը, որ ես ունեմ առողջական խնդիրներ, թոքի վիրահատություն եմ տարել»,- ասաց  Աբրահամյանը։

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Նիկողոսյանը  նիստի ընթացքում մի քանի հարցեր ուղղեց ամբաստանյալին: Մեղադրողն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի, պնդում է իր միջնորդությունը՝ կրկին կալանքի վերցնել դատապարտյալին։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտարարեց, որ բավարարում է մեղադրողի պայանջը, որ բեկանում է Առաջին ատյանի դատարանի վաղաժամկետ ազատման որոշումը։ Դատարանը հաշվի չառավ դատապարտյալի ո՛չ դրական վարքը, ո՛չ վերջինիս զղջումը, ո՛չ էլ առողջական խնդիրները։

Հանրային պաշտպան՝ Ցոլակ Մարգարյանը, որն ամբողջ նիստի ընթացքում լուռ էր, դատավճռի հրապարակումից հետո հայտնեց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։