Գերությունից վերադարձած զինծառայողները երեք և մեկ միլիոնների դիմաց ազատ են արձակվել

245

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանը, Գեղամ Գեղամյանը և Սպարտակ Մանուչարյանը խոշոր չափի գրավի դիմաց ազատ կարձակվեն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց փաստաբան Կարմեն Պողոսյանը նշելով՝ Նարեկն ու Սպարտակն ազատ կարձակվեն մեկական միլիոն դրամի դիմաց, իսկ Գեղամը՝ երեք միլիոնի:

Հիշեցնենք, որ նշյալ անձանց քրգործի նախաքննությունն ավարտվել էր ու ուղարկվել է առաջին ատյանի դատարանի Արարատի և Վայոց Ձորի մարզերի նստավայր:  Առաջին նիստի ժամանակ փաստաբանի կողմից միջնորդվել է կալանքի տակ պահվող ծառայողների խափանման միջոցի փոփոխությունը, ինչը բավարավել է դատարանի կողմից: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին:

Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի  16-ին հայ-ադևբեջանական սահմանի Արևելյան սահմանագոտում՝ Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերին սահմանակից հատվածում տեղի ունեցած արյունալի մարտերի հետևանքով գերեվարվածների ու դիրքի կորստի առիթով հարուցված քրեական գործով կալանավորվել են մի շարք զինծառայողներ, այդ թվում զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը։ Նրանք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար։

Նշենք, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 5-ն արդեն ազատության մեջ են։ Նարեկից, Գեղամից և Սպարտակից բացի, հայտնի է, որ ազատ են արձակվել նաև Սերժիկ Ամիրխանյանը և Արեն Արամյանը։

Իսկ ահա երկու օր առաջ Բաքվից վերադարձած ութ հոգուց բաղկացած զինծառայողների խմբից երկուսը պահվում են Ռազմական ոստիկանությունում, քանի որ ժամկետային զինծառայող են: Նրանց ճակատագիրն առայժմ անորոշ է, գուցե վերադառնան կրկին ծառայության: Այնուհանդերձ, այս ութ հոգուց որևէ մեկը քչգործով չի անցնում:

Նարեկ Կիրակոսյան