Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է գրավի դիմաց կալանքից ազատելու հայցը

102

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հայցը։

Նշենք, որ դատական նիստը կայացել էր երեկ` փետրվարի 8-ին, գործով դատախազն էր առարկել ներկայացված միջնորդության դեմ` ասելով, որ Առուշանյանի գործով դեռ ոչ բոլոր վկաներն են հարցաքննվել, բացի այդ, ըստ նրա՝դեռևս առկա է ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով, Առուշանյանը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա։

Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ դատարանը որևէ հիմք չուներ միջնորդությունը մերժելու համար:

Պաշտպանական կողմը հնարավորություն ունի Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Այս առնչությամբ Մելքոնյանը նշեց, որ դեռ կքննարկեն՝ դիմել Վճռաբեկ, թե իմաստ չկա։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։

Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։

Առուշ Առուշանյանն ընտրությունների արդյունքում ընտրվել է Գորիսի քաղաքապետ, նա կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։