Բաքվի գերությունից վերադարձած երկու զինծառայողի չեն թողել տուն գնալ, ռազմական ոստիկանությունում են

432

Երեկ ադրբեջաբական գերությունից վերադարձած  ութ զինծառայողից երկու զինծառայող այդպես էլ տուն չեն հասել: Նրանք պահվում են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում, քանի որ ժամկետային զինծառայողներ են:

Հայրենիք վերադարռնալուց անմիջապես հետո նախկին ռազմագերիները հարցաքննվել են Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը տևել է մոտ ութ ժամ, նրանցից վեցը պայմանագրային զինծառայողներ են, գնացել են տուն, իսկ երկու ժամկետային զինծառայողի ճակատագիրն առայժմ անհայտ է:

Զինծառայողներից մեկի ՝ Արթուր Բաբայանի մայրը՝ Ոսկի Բաբայանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տղային Բաքվից վերադառնալուց հետո ընդամենը մի քանի րոպե է տեսել:

«Մենք իր հետ հանդիպել ենք երեկ՝ մի քանի րոպեով և տարել են Ռազմական ոստիակություն, էլ չենք տեսել: Քննչականի դիմացն ինչ տեսել եմ՝ դա է:  Այսօր իրեն այցելել է հայրը»,- ասաց մայրը:

Մոր համար անհայտ է, թե ինչու են որդուն պահում ռազմական ոստիկանությունում: «Ինքը դեռ ժամկետային ծառայող է, բայց չգիտեմ, թե ինչու են տարել, մեզ բան չեն ասել: Ընթացքը ցույց կտա էլի: Կարևորը եկել է Հայաստան, Բաքվում չէ, մնացածը Աստծո ձեռքում է»:

Արթուրը գերեվարվել է 2021-ի թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած սահմանային միջադեպերի ընթացքում:  Ադրբեջանում գերության մեջ անցկացրել է  3 ամիս, մոր խոսքով՝ ճիշտ կլիներ եթե որդուն տուն ուղարկեին։

«Նոյեմբերի 16-ի առավոտյան եմ հետը խոսել: Ինքը մեկ օրով էր բարձրացել պոստեր, հաջորդ օրը պետք է իջներ ու զանգեր, բայց չզանգեց: Գնացինք զորամաս և իմացանք, որ գերեվարվել է»,- ասաց նա:

Զինծառայողների՝ ՌՈ տեղափոխելու տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Քննչական կեմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Վեցը գնացել են տուն, իսկ երկուսը ժամկետային զինծառայողներ են տեղափոխվել են Ռազմական ոստիկանությունը: Մնացածը կորոշի Պաշտպանության նախարարությունը՝ ուր են գնալու, ինչ են անելու»,-ասաց խոսնակը:

Ճշտող հարցին, թե ինչու են տեղափոխվել Ռազմական ոստիկանություն և ինչ են անում այնտեղ, ՔԿ խոսնակը պատասխանեց. «Ի՞նչ են անում: Դա կալանք չէ, պարզապես այստեղ են, ՊՆ-ում կորոշեն: Ես չգիտեմ, թե ինչ կարգավիճակ ունեն»:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք զինծառայողները կարողանում են ազատ տեղաշարժվել. «Դե երևի, զանգահարեք ՊՆ: Իրենք ՊՆ-ի ենթակայության տակ են, մեր մոտ քրգործ չի հարուցվել: Որևէ կարգավիճակ չունեն»:

ՔԿ-ից հայտնեցին, որ գերությունից վերադարձած ութ զինծառայողներից որևէ մեկը չի անցնում քրեական գործերով:

ՊՆ-ից չհստակեցրեցին, թե Արթուրը և մյուս ժամկետային զինծառակողն ինչ կարգավիճակով են պահվում ՌՈ-ում և ինչ է սպասվում նրանց:

Նարեկ Կիրակոսյան