«Հիվանդությունը մի օր ա տևել․ առավոտը 06.30–ին դիմել ա «սանչաստ», իրիկունը արդեն մահացել ա»։ Զինծառայող Ռադիկ Թաթոսյանը մահացավ պատերազմից երկու ամիս անց՝ հունվարի 12-ին, ինչպես նշված է դատաբժշկական փորձաքննության մեջ՝ մահը վրա է հասել սուր սիրտ–թոքային անբավարարությունից։ 44 օրյա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Մարտունի երեքի դիրքերում։

Ռադիկ Թաթոսյանի մոր խոսքով՝ հունվարի 10-ին իր հետ խոսելիս լավ է եղել, իսկ 11-ի երեկոյան արդեն ձայնը կտրված էր։

«Ասեց՝ «մի քիչ մրսել եմ», ասեցի՝ «չգնաս ինժեներական աշխատանքներ անելու, մնա վաշտում»։  Առավոտյան լավ չի զգում, գնում ա «սանչաստ», էնտեղ սիստեմա են միացնում։ Հետո, որ տեսնում են վիճակը վատանում ա, տանում են հոսպիտալ, էնտեղից էլ տեղափոխում են Ստեփանակերտ, ու արդեն չի հաջողվում կյանքը փրկել»։

Ռադիկ Թաթոսյանի մահվան առիթով արդեն մեկ տարի է՝ քրեական գործ է հարուցված՝ անփութության մեղադրանքով, բայց ծնողների կարծիքով՝ ճշմարտությունը բացահայտելու միտում չկա։ Նրանք գտնում են, որ սանչաստի բժշկի մեղավորությունը կա։ «Բժիշկը տեսել է, որ երեխաս լավ չէ, այն աստիճան է եղել, որ ինքը հազալիս արյուն է թքել։ Սիստեմա է միացրել, հետո ուղարկել է վաշտ, տղաս մի անգամ էլ է դիմել իրեն, էլի ուղարկել է վաշտ։ Երրորդ անգամ արդեն տղայիս վիճակը վատ է եղել․ թոքաբորբ է եղել»։

Ծնողները չգիտեն՝ քովիդով է վարակված եղել, թե ոչ, բժիշկները միայն ասել են, որ թեստավորել են, բայց արդյունքի մասին նրանց չեն տեղեկացրել։ 

Ծնողները Պաշտպանության Նախարարություն են դիմել, հեռախոսազրույց են ունեցել ՊՆ աշխատակիցներից մեկի հետ, սակայն ասել են, որ ոչ մի բանով չեն կարող օգնել․ «թող Աստված պատժի մեղավորին»։

Բողող են ուղարկել նաև քննչական կոմիտե՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության  պատասխաններն ուշանում են, բայց էլի պատասխան չեն ստացել։

«Ո՞նց կարող է մարդն իր ոտքով գնա սանչաստ, ու էնտեղից տենց վատացած դուրս գա, այն էլ մեր ժամանակներում, երբ բժշկությունն էսքան զարգացել է։ Չեմ հասկանում, թե ինչ արեցին իրեն։ Ինչո՞ւ զինվորներին պատերազմից հետո չտարան նորմալ բուժզննումների։ Ո՞նց կարա էդ թոհուբոհի միջով անցնի, բայց մի քանի ժամում մահանա։

Ինչի՞ միանգամից չեն տարել Ստեփանակերտ, երբ տեսել են, որ էրեխեն վատա ու գնալով վատանում ա։ Գուցե էդ դեպքում կյանքը փրկեին»,– նշում է Ռադիկի հայրը։

Ռադիկը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Մարտունի երեքում։ Մի քանի օր եղել են Հադրութում, հետո պահել են նաև Կարմիր Շուկայի դիրքերը։ Երեք օր տուն չէր զանգել, հետո պարզվեց, որ 3 օրվա ընթացքում մնացել էին շրջափակման մեջ․ մի «տրուբա» էին գտել, մեջը թաքնվել, որ գերի չընկնեին, հետո շրջափակումից մի կերպ դուրս էին եկել։

«Մի անգամ ասեց՝ « մամ, մատաղ ունես անելու, մատաղ արա», ասեցի՝  «ի՞նչ է եղել», ասեց՝ « 30 հոգու կանչել են, բարձրացել ենք «Ուռալ» որպեսզի տեղափոխվենք Հադրութ,  հետո հրամանատարներից մեկը կանչեց ինձ, ասեց՝ «մալադոյ ես, իջի, մնա էստեղ,մի արի»։ Ինքը  իջել է մեքենայից, 29 հոգին գնացել են, մի  40 մետր գնացել են ու մեքենան պայթեցրել են։ Իր բոլոր ընկերները զոհվել էին, ինքը շատ վատ վիճակում էր, ասում էր՝ «մամ, չգիտեք՝ ինչ տղերք ընկան, ինչ արյուն թափվեց»։

Ռադիկը հետմահու ստացել է «Արիության մեդալ»։ Պատերազմից հետո, երբ մայրն ասել է՝ լավ կռվածներին պարգևատրում են, քեզ չեն տալո՞ւ, պատասխանել է․ «Ես տեղով մեկ մեդալ եմ, մեդալն ինչի՞ս է պետք։ Ես անցել եմ էդ ամենի միջով ու ողջ եմ մնացել, դրանից լավ մեդալ կա՞»։

«Ինքն էնպես էր խոսում, որ ես իմ տված հարցից ամաչում էի։ Ինքը շատ համեստ էր, քչախոս, լուրջ»,–հիշում է մայրն ու ավելացնում․–«Իմ Էրեխեն արեց ավելին, քան նույնիսկ շատ զոհված տղաներ․ 44 օր պայքարեց, զինակից ընկերներից շատերին փրկեց, դրանից հետո 1․5 ամիս ինժեներական աշխատանքներ արեց, ու ի՞նչ»։

Ծնողները բողոքում են, որ արդարություն չկա, ու պատերազմից հետո նրանք պարտավոր էին զինվորներին զննել։

«Հիմա մենք պաշտպանության ու օգնության կարիք ունենք, առողջական խնդիրներ ունենք։ 30․000 դրամ թոշակ ենք ստանում պետությունից, որը բավարար չէ նույնիսկ, որ ես իմ համար ցավազրկողներ առնեմ, որ չգժվեմ էս ցավից, ու չեմ էլ կարողանում աշխատել։ Միայն կորցրած մարդը կարող է ինձ հասկանալ։ Դիմում եմ, ասում եմ՝ «իմ էրեխան էդքան բան է արել, ինչի՞  են տարբերություն դնում։ Մենք չգիտենք՝ ինչ անենք, որ արդարություն լինի»։

Ռադիկ Թաթոսյանի հայրը նշում է, որ որդու մահվանից հետո բժիշկներ են եկել զորամաս ու տեսել, որ բազմաթիվ զինվորներ թոքաբորբ ունեն, տարել են հիվանդանոց։

«Փաստորեն, տղայիս մահը փրկեց մի քանի զինվորների կյանքը»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ասպրամ Փարսադանյան

Անի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest