Հակատանկային գումարտակում ծառայող Դավիթ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին` ԱԹՍ հարվածից: Ընտանիքի համար սա կրկնակի ծանր կորուստ էր: Ընդամենը չորս ամիս առաջ մահացել էր նրա 23- ամյա քույրը` Լիլիթը:
Դավիթը բանակից վերադառնալուց հետո որոշել էր զբաղվել ծրագրավորմամբ, իսկ Լիլիթը հետաքրքրվում էր պատմությամբ ու մշակույթով: Նա նախ սովորել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության, ապա հնեաբանության եւ ազգագրական ամբիոնում: Ուսման ավարտին մնացել էր ընդամենը քսան օր, երբ տարիներ տեւած ծանր հիվանդությունը խլել է Լիլիթի կյանքը:
Քրոջ մահվան լուրը Դավիթին հասել էր այն ժամանակ, երբ արդեն բանակում էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ-ի հունվարի 8-ին, նախ ծառայել էր Գյումրիում, ստացել կրտսեր Սերժանտի կոչում, ապա տեղափոխվել Սանասար (Որոտան):
«Անընդհատ խոսում էր իր զենքից: Ֆագոտն էր իր զենքը: Հակատանկային գումարտակում էր ծառայում… ես զգում էի, որ ինքը տարերքի մեջ է… բայց հետո մեր ընտանիքի հետ եղավ մեծ դժբախտություն: Մենք Դավիթին բերեցինք տուն: Ինքը եկավ, իր քրոջը հրաժեշտ տվեց: Դա իր վերջին այցելությունն էր տուն: Դավիթին հոգեպես շատ վատ վիճակում բանակ ճանապարհեցինք: Իր համար շատ դժվար էր: Ընդամենը հինգ օրով եկավ: Ծանր ապրումներ էին, իր քրոջը կորցրել էր ու ինքը գնում էր ծառայության: ՈՒ ինքը մենակ էր գնում` այդ վիշտը, այդ ցավը իր սրտում: Ու ինքը պետք է ծառայի: Անընդհատ մտածում էի` գնանք, նրան տեսնենք, ընտանիքի հետ այդ վիշտը ապրելը միասին ուրիշ է: Դրա համար մենք սեպտեմբերի 22-ին գնացինք նրան տեսանք: Շատ դժվարությամբ, բայց այլ տարբերակ չունեի, շատ էի ուզում տեսնեի: Մի քանի օրից սկսեց պատերազմը»,- պատմում է Դավիթի ու Լիլիթի մայրը` Կարինե Համբարձումյան:
Պատերազմի ընթացքում Դավիթը ծնողներին զանգում էր, սակայն չէր ասում իր գտնվելու վայրը:
«Վերջին մեր խոսակցությունը եղել է հոկտեմբերի 2-ին: Դավիթի հետ խոսեցի, նա ինչպես միշտ հանգիստ էր խոսում, բայց մի քիչ ավելի շտապ էր: Երկար չխոսեցինք: Ես ինքս ինձ չեմ կարողանում ներել… ես վախենում էի, մեջս տագնապ կար, որովհետեւ լսում էի, որ ԱԹՍ-ները որսում են հեռախոսազանգերը եւ թիրախավորում են տղաներին: Դավիթը ուզում էր խոսել, ասում էի` երկար չխոսանք, որ քո տեղը չիմանան: Մեր վերջին խոսակցությունը շատ կարճ եղավ, որի համար տանջվում եմ: Ականջիս մեջ է նրա ձայնը: «Մամ, ջան ոնց ես: Մամ ջան, ամեն ինչ լավ ա: Մամ ջան, դուխով»,- հիշում է մայրը:
Չորս ամիս շարունակ ծնողները Դավիթից որեւէ տեղեկություն չեն ունեցել, սեփական ուժերով սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել, կապվել են նրա ծառայակիցների հետ, արդյունքում իմացել են, որ կա դիրք, որտեղ կրտսեր սերժանտի եւ շարքային զինվորի աճյուններ կան, դժվար պայքարից հետո կարողացել են կազմակերպել նրանց դուրսհանումը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դավիթը զոհվել է ԱԹՍ հարվածի հետեւանքով: Կարինե Համբարձումյան ի խոսքով, ԱԹՍ-ն նշան էր բռնել հենց այն դիրքը, որտեղ իր որդին էր. «ԱԹՍ-ն հենց իր դիրքում իրեն եւ իր ենթակային է հարվածել: Հենց երկուսի համար էր այդ սարքը… Դավիթին հուղարկավորեցինք հունվարի 28- ին: Դա էլ էր մի ցավ, որ հենց բանակի օրը ինքը մեզ հասավ: Ես հիշում եմ, երբ 2020թ-ի հունվարին բանակ գնաց, Բանակի օրը Գյումրիում Մշակույթի տանը պարում էր` զինվորներին տարել էին համերգին մասնակցելու: Ուրախ, վստահ, խրոխտ պարում էին բոլորը… »
Նշենք, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում, որտեղ ծնվել ու մեծացել է Դավիթը, փողոցներից մեկը անվանակոչվել է նրա անունով:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: