Կարող էինք դիմել ՄԻԵԴ, փոխարենը իշխանությունները հայտարարեցին, որ այդ տարածքները ադրբեջանական են․ Արման Թաթոյան

202

Սյունիքի մարզում ադրբեջանական ներխուժումների ու ճանապարհները փակելու դեպքերով հայկական կողմը կարող էր դիմել ՄԻԵԴ, բայց դրա փոխարեն իշխանությունները հակառակ հայտարարություններ են արել։ Այս մասին այսօր իր արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը և Կապան-Ճակատեն գյուղերի հատվածները՝ մեր բնակիչներին կանգնեցնելով լրջագույն խնդիրների առաջ, լրիվ հնարավորություններն ու հիմքերը կային, մենք անհապաղ միջանկյալ միջոցներ կիրառելու և հեռացնելու պահանջով կարող էինք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, էլ չեմ խոսում մյուս մարմինների մասին։ Փոխարենը մեր մոտից պաշտոնական մակարդակով հայտարարություններ սկսվեցին, որ այդ տարածքները ադրբեջանական են, իրենք ներկա են իրենց տարածքներում, մենք ոչինչ անել չենք կարող, որ ճանապարհն անվտանգ է ու խնդիրներ կան։ Իշխանություններն սկսեցին միանգամից գովերգել այլընտրանքային ճանապարհները, թաքցնել խնդիրները միջազգային հանրության աչքից։ Մարդու իրավունքների պաշտպանը տարածում էր հայտարարություններ, սկսեցին հերքել։ Հետո, եթե մենք դիմեինք ՄԻԵԴ, ադրբեջանական իշխանությունները կբերեին այս բոլոր ապացույցները ու կասեին՝ բայց դուք շատ էլ երջանիկ եք դրանից, ասում եք, որ դրանք մեր տարածքներն են, մենք եկել ու մեր օրինական տարածքներում ենք նստել, այլընտրանքային ճանապարհները սարքում եք, ձեզ համար խնդիրներ չեն առաջանում»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բացարձակ անօրինական են ներկա այդ բոլոր տարածքներում, հետևաբար մեր զինված ուժերի ծառայությունը բացարձակ լեգիտիմ է, որովհետև նրանք պաշտպանում են բնակչության կենսական իրավունքները, կյանքն ու առողջությունը։

«Շփման գիծը շատ դեպքերում անցնում է մարդկանց հողամասերի ու տների միջով։ Հիմա մարդու իրավունքների ու անվտանգային տեսակետից պատկերացնենք այդ հայելային հետքաշումը։ Սա նշանակում է, որ մենք բոլոր տեղերից պետք է հետ քաշվենք։ Պարզ չէ՝ մենք ո՞ւր ենք գնում, այդ ի՞նչ թիկունք ունենք, որ գնանք տեղակայումներ անենք, այն էլ ադրբեջանական այս թշնամանքի ու ատելության պայմաններում։ Ինչպե՞ս է ապահովվելու մարդկանց անվտանգությունը, այդ ի՞նչ միաջզգային մոնիտորինգ է լինելու, ի՞նչ մանդատ է ունենալու, նրանց տեղակայումը որտե՞ղ է լինելու։ Սա հիմնարար նշանակություն ունի, որովհետև եթե անգամ նրանք գան և եթե մենք չենք վիճարկում, որ դա ադրբեջանական տարածք է կամ տարածք չէ, նշանակում է նրանք գալու են տեղակայվեն այն բոլոր վայրերում, որոնք մեր քաղաքացիներին են պատկանում՝ իրենց իրավունքներով հանդերձ։ Այսինքն՝ մեր քաղաքացիներն իրենց լեգիտիմ փաստաթղթերով՝ էլի մնալու են իրավունքներից զրկված»,- ասաց Թաթոյանը։