Հունվարի 23-ին Հանրապետական հիվանդանոցում վաղաժամ ծնվել են 44-օր ապատերազմում զոհված զինվոր Լեւոն Մանուկյանի զույգ քույրիկները: Դժբախտաբար նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուս փոքրիկը դեռ գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: Ի հիշատակ զոհված եղբոր, ծնողները փոքրիկին անվանել են Լեոնա:
«Ցավը ցավի վրա եկավ, բայց փորձում եմ ուժեղ լինել: Ես տանն եմ, բայց բալիկս դեռ հիվանդանոցում է: Փորձում եմ ապաքինվել: Առաջընթաց կա, ինքն իրենով արդեն շնչում է, կերակվում է, տեսնենք, թե երբ դուրս կգրեն իմ բալիկին: Ցավոք երկու ցավ ունեմ, բայց փորձում եմ ուժեղ լինեմ, որ այս հրաշք բալիկիս մեծացնեմ, արժանավայել կյանքով ու սիրով լցնեմ նրա կյանքը»,- մեզ ասաց Նելլի Ղահրամանյանը :
Տիկին Նելլին 43 տարեկան է, փոքրիկների ծնունդը նախատեսվում էր մարտ ամսին, սակայն հանգամանքները այլ կերպ զարգացան: Երեխաները ծնվեցին վեց ու կես ամսականում, եւ նրանցից մեկի մոտ սրտի կանգ արձանագրվեց:
«Բժիշկները փրկել են իմ ու մեկ բալիկիս կյանքը: Ես շատ շնորհակալ եմ բժիշկներից, որ նրանք ամեն ինչ արեցին, որ իմ գոնե մեկ բալիկը ողջ մնա ու ապաքինվի»,- ասում է Նելլի Ղահրամանյանը:
Լեւոն Մանուկյանը զոհվել էր 2020թ-ի հոկտեմբերի 14-ին` Մատաղիսի իր դիրքերը վերադարձնելու մարտերում: 44-օրյա պատերազմի առաջին օրերին նա հրաշքով էր փրկվել ութնօրյա շրջափակումից: Ընդամենը չորս օր հետո նա վերադարձել էր արդեն թշնամու հսկողության տակ գտնվող Մատաղիս` հավատալով, որ դեռ հնարավոր է այն հետ վերադարձնել:
Լեւոնի վաշտում 50 հոգի էին: Հիսուն հոգուց ողջ են մնացել 9: Մի մասը զոհվել է Թալիշում, մյուս մասը` Մատաղիսում: Լեւոնը շրջափակման մեջ էր եղել սեպտեմբերի 29 –ից հոկտեմբերի 8-ը: Այդ ընթացքում բազմաթիվ հերոսություններ է արել, փրկել է ընկերներին, կամավորների, բոլոր վիրավորներին օգնել է դուրս պրծնել շրջափակումից:
«Ամսի 8-ին զանգեց, ասեց` մամ ջան, ես շրջափակումից դուրս եմ եկել: Իմ արած լավությունները իմ դեմ ա եկել: Մինչեւ հիմա նրա ձայնը ականջներումս է: Այնքան ուրախ էր, ասեց` ընկերներիս փրկել եմ, կոմանդիրիս փրկել եմ, հիվանդանոցում պառկած են, գնացեք տեսեք: Ես գնացել եմ բոլորին տեսության : Ու երբ գնացի, ինձ բոլորը ասում էին, թե ինչ հերոս տղա ունեմ, Լեւոնով պետք է հպարտանամ»,- ավելի վաղ մեզ պատմել էր մայրը:
Լեւոն Մանուկյանը 2021թ-ի դեկտեմբերի 27-ին կդառնար 21 տարեկան:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: