«Գևորս մի նկար էր նկարել, որտեղ զինվորները սարն են բարձրանում․ երկու տարի հետո զոհվեց նույն տեղում, նույն եղանակին, նույն քանակով զինակիցների հետ»։

Գևորգ Արշակյանի համար իր նկարածը դարձավ ճակատագիր․ պատկերել էր ձմեռ, 11 զինվորներ, եկեղեցի, խաչքարներ։ Մոր խոսքով՝ խաչքարները դրված են 90-ականներից 16 ու 12 տարեկան տղաների պատվին, որոնք հողը պաշտպանել են մինչև հայերի օգնության հասնելը։ Գևորգը մինչ պատերազմն այդ տարածքում չէր եղել։

Գեւորգը

Գևորս  նկարիչ էր։ Իրա նկարները սաղ տեղ կան․ մի քանիսը՝ Ամերիկայում, մի քանիսը՝ Գերմանիայում, մի քանիսը՝ Լեհաստանում․․․ Դեռ փոքրուց՝ 4-րդ դասարանից, գնաց նկարչության, հետո քոլեջում սովորեց։ Ավարտելուց հետո ընդունվեց Մանկավարժական համալսարան, բայց մի տարի հետո որոշեց ուսումը շարունակել Գեղարվեստի ակադեմիայում․ կարմիր դիպլոմով ավարտեց։ Ընդունվեց մագիստրատուրա, առաջին տարին սովորեց, երկրորդն էլ չհասցրեց․․․

Պատերազմն սկսվեց

Պատերազմի մասին իմանալուն պես Գևորգն իր ընկերների հետ գնաց Հուշակերտ։ Մի քանի օր իրանց «ուչեբկի» տարան, հետո Ջաբրայիլ։ Էդ դաժան տեղից հետ եկան հոկտեմբեի 16–ին, երբ արդեն հանձնել էին տարածքները։ Շատ բաներ էր պատմում, կարճ ասած՝ ասում էր «էս կինոները, որ նայում ես, 0 էր դրա դեմ»։ «Կարաբին» էր իր զենքը,  բայց Ջաբրայիլում եղած ժամանակ մի հատ չի կրակել։ Պատմում էր՝ «փոսը փորած, մենք մեջը մտած, կողքներս ջուր, ուտելիք էր դրված, բայց ռիսկ չէինք անում ձեռքերներս պարզեինք, վերցնեինք, որովհետև գիտեինք՝ հենց պարզենք ձեռքերներս, սնարյադը կտաներ»։ Դաժան բան ա եղել, հենց առաջին անգամ որ գնացել են, մի «սուտկա» ճահիճների մեջ են մնացել․ մի ճանապարհ ա եղել, երկու կողմն էլ ղամիշ, պառկել են ղամիշների մեջ, որ դիվերսիոն խումբ ա գալու, դեմները պիտի առնեն։ Ամբողջ գիշեր աչքները 4 արած՝ սպասել են՝ երբ կգա դիվերսիոն խումբը։

Երկրորդ անգամ տարել են նոյեմբերի 26-ին Լաչինի կողմերը։ Էդ մի քանի օրը ռուսական զորքի հետ են կանգնել, հետո իրանց «սմենափոխի» ժամանակն ա եղել, պիտի հետ բերեին, բայց չեն բերել՝ խաբելով տարել են Հադրութի Հին Թաղեր, Խծաբերդը։ Իրանք իջել են մեքենաներից, նոր տեսել են՝ որտեղ են գտնվում։ Իրանց ասել են, որ մի երկու օր հետո «սմենափոխ» կանեն, կտանեն։ Ամենաուշը 9-ին կամ 10–ին պիտի անեին, բայց չեն արել, ձգձգել են․ «մնացեք, կգան տղերքը, կփոխենք»։

Դեկտեմբերի 11-ին հարձակվել են իրանց վրա, մի ամբողջ օր կռվել են, բայց չեն կարողացել գրավել իրենց դիրքերը, հաջորդ օրը թուրքական «սպեցնազն» ա եկել՝ «յաշմա» խումբը։ 9 հոգով կռվել են 3000 հոգանոց թուրքի դեմ։ Ամենավատն էն ա, որ տարել են, հասցրել էնտեղ՝ ոչ մեկին ոչ մի բան չբացատրելով։ Իրանց ջոկատից ահագին մարդ եղել ա ներքևում, պոստերն ա պահել, բա ո՞նց են հանձնվել, եթե իրանց ընկերները վերևում են եղել, հակառակ դեպքում ընկերներին չէին հասնի։ Իրանց «աֆիցերն» էլ ասում ա՝ «մեզ հրաման ա եկել նահանջի, իջացրել եմ», բա չմտածե՞ց, որ էդ 9-ն էլ ա իրանը, ինչի՞ չիջացրեց տղերքին։ Փաստորեն, էդ տարածքն արդեն տվել, պրծել էին, էլ ինչի՞ համար էին էրեխքին էդտեղ տանում։ Կամ էդ էրեխեքն իրանց «սրոկն» արդեն կանգնել էին, ինչի՞ համար չեն թողել տուն գան։

Զոհվեցին

Զոհվելու մասին ես ուշ իմացա․ մայրս հիվանդանոցում էր էդ օրերին, հետո իր հուղարկավորությունից որ տուն եկանք, իմացանք։ Հաջորդ օրը Գևորին բերեցին, իրան հուղարկավորեցինք։

Ու նաև հետաքրքիր ա, որ մահվան օրը գրած ա 11։ էդ էլ մի ուրիշ ձև ա գլխներից ցրելու համար։ Որ ասեն՝ զանգ ա եկել, մենք չենք հասցրել, բայց 12-ին իրանք օգնություն են խնդրել․ ապացույց կա։ Եթե իրանց մտքին տեղ լիներ էրեխեքին օգնելու, լրիվ կարային օգնեին։ Բայց  իրանց հատուկ էին տարել՝ կա՛մ պիտի մահանային, կա՛մ պիտի գերի հանձնվեին։ Երկուսն էլ իրանց ձեռ էր տալիս․ մահանում էին, ասում էին՝ կռվով վերցրեցին, հանձնվում էին, ասում էին՝ «թող չհանձնվեին, պահեին»։ Փաստորեն, էդ էրեխեքին անմեղ տեղը տարան, հանձնեցին թուրքին։

Մեր ղեկավարությունը

Թուրքը իրա թուրք հալով բարձրացել ա էդ սարը, տեսել ա 9 հոգու դիակ, ասել ա՝ «բա մնացածն ո՞ւր են»։ Պատասխանել են, որ 9-ով են եղել։ Ասել ա՝  «ո՞նց թե, առնվազն մի 60-90 հոգի պիտի լինեին, որ էդքան զոհ տայինք մենք, ո՞նց հնարավոր ա։ Էս 9 հոգուն տարեք, թող հերոսի նման թաղեն»։ Էդքան բանից հետո մերոնք չեն գնացել վերցնելու, ստիպված իրանք են բերել դիակները, սահմանին հանձնել։ Իսկ մեր ղեկավարության կողմից ի՞նչ եղավ, ոչ մի բան։ Բերել են, արիության մեդալն են տվել։ Էն մարդն, ով ռիսկ ա անում գնա, արդեն արի ա, որովհետև սաղ էլ գիտեն իրանց հետ ինչ ա պատահելու։ Մեր ղեկավարությունն ամեն ինչ անում ա, որ ժողովուրդը հավատքը կորցնի։

9-ը հոգին, իրոք, հերոս են

 Էն ժամանակ, երբ սաղ իրար էին ուտում Ազգային ժողովում՝ թե էս դավաճան ա, էս փախել ա, սաղ իրար վրա էին գցում, էս 9-ը հոգին ցույց տվեցին, որ պատերազմից հետո էլ չեն ենթարկվել ոչ մեկի։ Իրանք հայ են ու իրանց հայությունը պիտի անեին։

Էդ տղերքն ապացուցեցին, որ մեր ազգը չի պարտվում, մեր զինվորները չեն պարտվում, չեն հանձնվում, իրանք ցույց տվեցին էն, որ 44 օրվա ընթացքում ոչ մեկ էդ ձև չի կռվել։ Իրանց ընկերները սաղ էնտեղ են եղել, ասում էին՝ «նույնիսկ հադրութցիները, որ իմանում էին 9-ի համար ենք եկել , խոնարհվում էին, ցավակցում էին, որ էդ ձև կռիվ են տվել»։

Էն խոսակցությունները, որ մեզ են հասնում, լսում ենք, գալիս ենք էն եզրակացության, որ մեր էրեխեքին  դիտմամբ թողել են էնտեղ, որ իրանց թիկունքը պահեն, իրանք կարողանան դուրս գան։ Թեկուզ եթե դա տենց ա, ուրեմն իրանք կրկնակի հերոս են․ ոչ միայն 300 թուրքին են խփել, այլ նաև մոտ 200 հոգի էլ մեր «սալդատների» կյանքն են փրկել։ Ոնց նայես, իրանց արածը հերոսություն ա, բայց դա չի գնահատվում, ու ամենացավալին դա ա։

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան

Լուսանկարներ՝ Աստղիկ Գաուդյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest