Ո՞ւմ և ինչո՞ւ են խոշտանգել հիվանդանոցում. «Պեսոկից» վրե՞ժ են լուծում

467

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վերջերս տեղի ունեցած խոշտանգման դեպքի վերաբերյալ Forrights.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Խոշտանգվածը, որի անունը իրավապահները չէին հայտնում, դատապարտյալ Հայկ Գալստյանն է: «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Արտակ Սարգսյանը և  աշխատակիցները՝ Արայիկ Հ-ն և Վարդան Մ-ն դաժան վերաբերմունքի են ենթարկել, զրկել են բուժման իրավունքից, դիտավորյալ ենթարկել են հոգեբանական ճնշումների, դրդել են ինքնասպանության:

Անցյալ տարի մայիսի 5-ին հիվանդանոցի խցերից մեկում Հայկ Գալստյանը փորձել էր կախվել սավանի օգնությամբ, ապա կարել էր աչքերը: Նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ ընդդեմ Արտակ Սարգսյանի և նրա աշխատակիցների, որին երկար ժամանակ պատշաճ ընթացք չէր տրվում:

Արտակ Սարգսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, նախկինում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ որդին է:

Վերջերս դատախազությունն այս գործը հանձնարարել է ԱԱԾ-ին, որի աշխատակիցները, ինչպես հայտնի է, հունվարի 20-ին ԱԱԾ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հատուկ օպերացիա իրականացրեցին՝ բերման ենթարկելով հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին և մի քանի աշխատակիցների:

Թեւ համապատասխան տեսանյութը տարածվել էր համացանցով, իրավապահները և քրեակատարողական ծառայութունը երկար ժամանակ թաքցնում էին, թե ինչում են մեղադրվում պաշտոնյաները:

Անցյալ շաբաթ Գլխավոր դատախազությունից, պատասխանելով Forrights.am-ի հարցմանը, առանց անուններ նշելու ընդամենը հայտնել էին, որ ունեն տվյալներ, որ հիվանդանոցի պետի գիտությամբ նրա երկու աշխատողները դատապարտյալի են խոշտանգել:

Երեկ դատապարտյալ Հայկ Գալստյանի հետ հեռախոսազրույց ունեցանք: Նա մեզ հայտնեց, որ հունվարի 24-ին իրեն «վատ վիճակում» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սրտաբանի հսկողության տակ պահելու ուղեգրով: Սակայն հիվանդանոցի բուժբաժնի պետ Ոսկանյան Վահագը, որը, ըստ Գալստյանի, հանդիսանում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի մտերիմը, կանխամտածված ձևով իրեն չի պապել հիվանդանոցում և դուրս է գրել: 

«Ինձ առանց հիմքի ու թղթաբանության տեղափոխեցին «Նուբարաշեն» հիմնարկ:  Ես պահանջեցի «ՑեԲե»-ից, որ ինձ հայտնեն, թե ինչի հիման վրա են ինձ դուրս գրում: Ոսկանյան Վահագը ասեց՝ թուղթ չկա, տենց եմ ուզում, տենց եմ անում: Ինձ բերեցին ստեղ, անօրինական պահեցին մի սուտկա, նոր թղթաբանություն են բերում կեղծ, ու հիմնավորված չի, թե խի են ինձ դուրս գրել», — ասում է Գալստյանը:

Հայկ Գալստյանի վերաբերյալ մի քանի բուժհաստատության կողմից տրված ուղեգրեր կան:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 28-ին նրա առողջական վիճակը կրկին վատացել է: Դատապարտյալին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ: Հետազոտությունից հետո կենտրոնի  մասնագետները գրավոր ցուցում են տվել, որ դատապարտյալ Հայկ Գալստյանի նկատմամբ անհրաժեշտ է «դինամիկ հսկողություն սահմանել սրտաբանի կողմից»: Սակայն նրան կրկին չեն տարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, թողնելով անօգնական վիճակում:

Ի նշան բողոքի դատապարտյալը դեղորայքի բարձր չափաբաժին է կուլ տվել և թունավորվել է:  «Ինձ տարան «Արմենիա» բժշկական կենտրոն, «ռեանիմացիա», այնտեղից էլ որ տանեն դատապարտյալների հիվանդանոց: Բայց հիվանդանոցում դա էլ հիմք չեն ընդունում: «էրեբունի» տարան, այնտեղից էլ ուղեգիր տվեցին, որ  պետք է սրտաբանի հսկողություն, ու դա էլ հիմք չընդունվեց», — պատմում է Հայկ Գալստյանը:

Ինչո՞ւ է կալանավայրերի բուժսպարկմամբ զբաղվող մարմինը՝ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը  հրաժարվում հիվանդ դատապարտյալների համար նախատեսված հստատություն  տեղափոխել Հայկ Գալստյանին, դատապարտելով նրան մահվան:

Ըստ դատապարտյալի, սա կանխամտածված մոտեցում է: «Քանի որ իրենք ինձ ուզում են ապացուցել, որ ոնց ուզում, տենց էլ անում են», — ասում է Հայկ Գալստյանը:

Ըստ որոշ տեղեկությունների, նա եղել է այն անձանց շրջանում, ովքեր 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որը դատապարտվել էր Մարտի 1-ի գործով:

«2010թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը 2020 թվականին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայկ Գալստյանը չի բացառւմ, որ իր  նկատմամբ մշտապես դրսևորվող դաժանությունը վրեժ է կալանավայրում տեղի ունեցած այս միջադեպի համար:

«Եթե ես մահանամ, իմ մահվան պատճառը ՊՈԱԿ- ի պետն է լինելու և բուժբաժնի պետը: Իրենք միշտ ինձ հետ չունեին, ինձ ճնշել են: Ինձ բուժման իրավունքից զրկել են, գիշերը մտել են «կամերս», խուզարկել են: Ես էլ մարդ եմ, կախվել եմ, փրկել ա հերթափոխի պետ Մանոյանը, կա զեկուցագիր, կա հետաքննիչի գրություն: Սաղ փաստեր են: Իմ գործը ՀՔԾ-ն փակեց, ես դիմումով ներկայացրեցի ԱԱԾ, ԱԱԾ-ն բացեց: Հիմա իմ մահվան պատճառը ՊՈԱԿ-ի  տնօրենն ա լինելու: Վարչության պետին էլ եմ դիմում գրել», — ասում է Հայկ Գալստյանը:

Նշենք, որ քրեակատարողական ծառայությունը խոսնակ Նոնա Նավիկյանի շուրթերով հայտնել էր, որ տեղեկություններ չունեն այս դեպքից:

«Դատապարտյալների հիվանդանոցի» երկու աշխատակիցները  ներկայում կալանավորված են, իսկ պետին՝ Արտակ Սարգսյանին, ազատել են կալանքից՝ որոշում, որի դեմ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Սյուզան Սիմոնյան