ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև ՀՔԱՎ-ի կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:
Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 76 զինծառայողի մահվան դեպք։
Մահվան 76 դեպքերի պատճառներն են.
- 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
- 17-ը՝ առողջական խնդիրներ,
- 15-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթի հետևանքով մահվան դեպք է, որը դատախազության կողմից ներառվել է ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ),
- 11-ը՝ սպանություն (3-ը որակվել է որպես՝ 2 կամ ավելի անձանց սպանություն, 4-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտում, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (ԶՕԿ), 1-ը՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանկաով, 1-ը՝ դիտավորյալ սպանություն),
- 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
- 5-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմքենայի դետալի հարված, 1-ը՝ ծառի տապալում, 1-ը՝ հանկարծամահ, որը դատախազության կողմից ներառվել է դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ):
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 19 զինծառայողներից 2-ը վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ժամանակ և մահացել են 2021 թ.-ին։
6 զինծառայող մահացել է 2021 թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով։
Համեմատության համար նշենք, որ 2020 թ. գրանցվել է պատերազմական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող 100 զինծառայողի մահվան դեպք, որից
- 25-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են,
- 22-ը՝ ավտովթարի,
- 18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,
- 17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,
- 9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով),
- 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության),
- 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման,
- 1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման,
- 1-ը՝ ականի պայթյունի։
Շարունակում է մտահոգիչ մնալ ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը: Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրել են մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն արձանագրվել են մայիս ամսվա ընթացքում:
Արձանագրում ենք, որ չնայած 2020 թ. համեմատ 2021 թ. արձանագրված մահացության դեպքերի թիվը նվազել է, դեպքերի գերակշիռ մասը՝ 75 %-ը, կրկին տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: