44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը շուտով կհայտարարի ձևավորման մասին

294

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մեկ ամսից քիչ ժամանակում պատրաստ կլինի հայտարարելու ձևավորման մասին․ հունվարի 27-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Քննիչ հանձնաժողովը պատրաստ է հայտարարել, որովհետև կան պատգամավորների բավարար ստորագրություններ, որոնք քննիչ հանձնաժողովը ստեղծելու առաջարկ են ներկայացրել, դրա մասին հայտարարությունը կլինի մոտ ժամանականերում»,- հայտնեց Քոչարյանը։

Հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կայացվել է հուլիսի 26-ին՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նորընտիր պատգամավորների հանդիպմանը։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «հիմա հանդարտ իրավիճակ է, և դա բավարար է, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի, հայտարարվի, որ ստեղծված է և սկսի իր աշխատանքները»։

«Ինչո՞ւ մի քիչ ուշացավ․ դրա բացատրությունները ես բազմիցս տվել եմ։ Դա կապված էր բանակում լրացուցիչ լարվածություններ չառաջացնելու, կադրային փոփոխությունների փուլը ներդաշնակ սկսելու,ՊՆ ղեկավար փոխվեց, և հիմա մենք ունենք համեմատաբար հանդարտ իրավիճակ»,- ավելացրեց Անդրանիկ Քոչարյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «քննիչ հանձնաժողովը պետք է հարցեր տա և ստանա պատասխաններ․ բանակին առնչվող բազմաթիվ հարցեր կան»։

«Մի՛ մոռացեք, որ 44-օրյա պատերազմի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնց առնչվում են թե՛ արտաքին գործերի, թե՛ կառավարման, վաչապետը բազմիցս ասաց, որ ինքն էլ պետք է գա և քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանի»,- հավելեց Քոչարյանը։