«Տղաս զոհվել ա, եղբորս տղան զոհվել ա, քրոջս տղան միչեւ հիմա չկա »

533

Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում ապրող Ավանեսյանների ընտանիքից 44- օրյա պատերազմին որպես կամավոր մասնակցել են բոլոր տղամարդիկ` հայրն ու երկու որդիները: 26- ամյա հետախույզ Սամվել Ավանեսյանը զոհվել է նոյեմբերի 7-ին` չտեսնելով իր երկրորդ երեխայի ծնունդը:

«Ուշ գիշերները զանգում էր, ասում էր` մամա, էս ինչի ՞  քնած չես: Ասում էի` դուք էդտեղ կռիվ եք տալիս, ես ո ՞ նց քնեմ: Ասում էր` հեսա կռիվը  ավարտվի, գալու եմ շաբաթներով մոտդ քնեմ », — պատմում է ընտանիքի մայրը` Զինա Սահակյանը:

Ավանեսյանների ընտանիքում կար հինգ երեխա, եւ որպես բազմազավակ ընտանիք, տարիներ առաջ Արցախի կառավարությունից ստացել էր աջակցություն Շեխերում տուն կառուցելու համար: Այժմ գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է:

Ընտանիքի հայրը` Վադիկ Ավանեսյանը, ասում է` գյուղում մնացել է իր ողջ ունեցվածքը, սակայն դրանց կորուստը աչքին չի երեւում. մարդիկ էին ափսոս:

«Տղաս զոհվել ա, եղբորս տղան զոհվել ա, քրոջս տղան միչեւ հիմա չկա»,- ասում է նա:   Հիշելով պատերազմի օրերը` Վադիկը ասում է, որ Շեխերում հայկական կողմը շատ զինտեխնիկա, զենք- զինամթերք էր պահում, եւ գյուղը պաշտպանելիս երկու կողմից էլ բազմաթիվ զոհեր են եղել: Ադրբեջանական կողմը գյուղ է մտել հոկտեմբերի 26-ին: Վեց օր գյուղի համար ընթացած մարտերից հետո, Շեխերն անցել է թշնամու հսկողության տակ:

Պատերազմի ընթացքում Վադիկն ու Սամվելը միասին են եղել: Հայրը պատմում է, որ որդին գնում էր կատարելու հետախուզական ամենավտանգավոր հանձնարարությունները ասելով, որ դա իր պարտքն է: Նրան չէր կանգնեցնում անգամ այն փաստը, որ կինը հղի է ու սպասում է իրենց երկրորդ երեխային: Պատերազմի ընթացքում մորը զանգելով` Սամվելն ասել է, որ եթե զոհվի, ապագա երեխային իր անունը տան: Հոր հետ խոսելիս էլ է նա կանխատեսել իր մոտալուտ վախճանը:

«Նոր էր եկել, մինչեւ էդ մի մեքենա էր պայթեցվել: Սամվելն եկավ, ասեցի հաց եմ դրել, արի կեր, մի քիչ հանգստացի: Ասեց չէ, ես գնամ: Կարող ա` էլ չտեսնվենք»,— հիշում է հայրը: Եւ իսկապես, դա եղել է հոր եւ որդու վերջին հանդիպումը:

Սամվել Ավանեսյանը նոյեմբերի 7-ին զոհվել է Մարտունիի Նինգի գյուղում` ԱԹՍ հարվածից:

Պատերազմի հետեւանքով ընտանիքը ցիրուցան է եղել: Սամվելի հայրն ու մայրը մի որդու ու դստեր հետ նախ վարձով ապրել են Հայանիստ գյուղում, այժմ Երեւանում են:  Նրանց դստրերից մեկը, ով հինգ երեխա ունի, այժմ ապրում է Կարմիր Շուկայի ծայրամասում` ամեն վայրկյան սպասելով վտանգի, մյուս դուստրը վարձով ապրում է Ստեփանակերտում: Իսկ Սամվելի կինը երկու երեխաների հետ  այժմ ապրում է Մարտակերտում` ծնողների տանը:

Անի Գևորգյան