«2020 թ․ սեպտեմբերի 24-ին Խորենը զանգել էր ինձ, ասաց՝ դիրքերից իջել են, բայց կրկին պիտի բարձրանան։ Որդիս երկար ժամանակ դիրքերում էր եղել, աչքի ընկել կարգպահությամբ։ Ասաց․ «Մա՛մ, ինձ երևի «Արիության մեդալ» են տալու։ Ես լավ եմ ծառայում, բայց եթե ետ չգամ, ինձ միշտ կհիշեք»․․․ Հարցրի՝  ինչո՞ւ ես նման բան ասում, ասաց՝ մի բանը երկրորդ անգամ չի ուզում կրկնել։ Գուցե Խորենի սիրտը դեռ այդ օրերին զգում էր, որ պատերազմ է սկսվելու», — ասում է 44-օրյա պատերազմում անհամացած Խորեն Հաջաթյանի մայրը՝  Ասյա Սահակյանը։

Խորենը բանակ էր զորակոչվել 2019 թվականին ու ծառայության անցել Արցախում՝ «Մարտունի-2» զորամասում։  2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած նա մասնակցել է թեժ մարտերին, կռվել  Մարտունիում, Ջրականում,  Կարմիր շուկայում, Վարանդայում։ 

«Երբ հնարավորություն էր ունենում զանգահարելու, միշտ ինձ հանգստացնում էր, ասում էր՝ անհանգստանալու կարիք չկա,  ինքը լավ է, ապա վստահեցնում էր, որ թշնամու գրաված դիրքերը դեռ ետ կբերեն», — որդու խոսքերը մտաբերում է տիկին Ասյան։

Նա ասում է՝ Խորենի հետ կարևճատև հեռախոսազրույցներ ունենալիս միայն մի անգամ  է որդու  ձայնի մեջ տագնապ զգացել։

«Այս օրը զանգելով՝ Խորենը գրեթե գոռալով ասաց՝ «Մա՛մ ջան, Ջրականում  ենք, աղոթի՛ր, որ ողջ մնանք․ երրորդ օրն է, ինչ շրջափակման մեջ ենք, ու մեզ օգնության չեն գալիս»։  Որդուս այդ խոսքերից  ես լաց եղա, ասաց, որ խիզախ տղաների մայրերը չպիտի լան։

Տղաները շրջափակման մեջ էին մնացել հոկտեմբերի 9-13-ը, հետո մի կերպ դուրս էին եկել, տեղափոխվել Վարանդա՝ շարունակելով մասնակցել մարտերին», — պատմում է տիկին Ասյան։ 


Խորենը թեժ մարտերին մասնակցել է մինչև հոկտեմբերի 23-ը․ հենց այդ օրը նա զոհվել է Վարանդայում թշնամու ԱԹՍ-ի հասցրած հարվածից։
 

Խորենը Վարանդայում եղած ժամանակահատվածում  ծնողներին զագահարել է հաց տանող ավտոմեքենայի վարորդի հեռախոսով։ 

«Հոկտեմբերի 23-ին վարորդը զանգել էր ամուսնուս ու ասել՝ «Գիտեմ՝ սպասում եք Խորենի զանգին, բայց նա այլևս մեզ հետ չէ»։ Տղաների շնորհիվ իմ որդու մարմինը հոկտեմբերի 24-ին արդեն Երևան էր տեղափոխվել, ցավոք, շատ վատ վիճակում․ հողաթմբի տակ էր մնացել․ գրեթե մի գիշեր տղաները քանդել էին ու հանել Խորենի մարմինը», — ցավով հիշում է տիկին Ասյան։

Որդու կորստյան վշտից տիկին Ասյան շուրջ երկու ամիս հոգեբանական ծանր վիճակում է եղել, մասնագետների ու ընտանիքի անդամների օգնությամբ ուժ է գտել և դուրս եկել դեպրեսիայից։

«Այնուհետև ես «Հավերժ» ՀԿ-ի անդամ դարձա։ Ես ու ինձ պես մի քանի որդեկորույս մայր մասնակցեցինք մասնագիտական դասընթացների, ստացանք համապատասխան հավաստագրեր,  որպեսզի կարողանանք հոգեբանական աշխատանքեր իրականացնել որդեկորույս մայրերի հետ։ Ես կամավորագրվեցի, ասացի՝ ո՛ր մարզում էլ լինի, ես պատրաստ եմ գնալ ու օգնել մայրերին», — պատմում է տիկին Ասյան։

Նա ասում է՝ որդեկորույս մայրերն իրենց ավելի շատ են վստահում, քանի որ հասկանում են՝ իրենց առջև նստած է մեկը, որը անցել է նույնպիսի ճանապարհով, նույնպիսի ցավ է զգում։


Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest